19/08/2019 11:54
Վստահում ենք վարչապետին, նրա որոշումը վերջնական կլինի մեզ համար. Կեչուտի ղեկավարը՝ Ամուլսարի մասին
Վստահում ենք վարչապետին, նրա որոշումը վերջնական կլինի մեզ համար, լրագրողների հետ զրույցում ասաց Կեչուտ գյուղի վարչական ղեկավար Սեդրակ Ասատրյանը՝ անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործման հարցին:
«Միանշանակ չեմ կարող ձեր հարցին պատասխանել կողմ ենք, թե դեմ, որովհետև դա կառավարության խնդիրն է: Ես վստահում եմ վարչապետի որոշմանը, նա չի սխալվելու, կառավարությունը չի սխալվելու», - ասաց նա:
Ասատրյանն ասաց, որ հանքի շահագործումը կարող է վտանգներ ունենալ, բայց կառավարության որոշումը իրենց համար վերջնական կլինի: Ասատրյանը չցանկացավ կարծիք հայտնել փորձաքննության արդյունքների մասին՝ նշելով.
«Մասնագետները կարող են տալ վերջնական եզրակացությունը»:
Հիշեցնենք, որ այսօր վարչապետը Բաղրամյան 26-ում քննարկում է անցկացնելու Ջերմուկ համայնքի ղեկավարի, ավագանու անդամների, ուսուցիչների և տնօրենների, առողջարանների, հյուրանոցների տերերի հետ: Բնապահպաններն այս պահին արդեն Բաղրամյան 26-ում են: Մի շարք ակտիվիստներ էլ դրսում սպասում են որոշման:
«Սասնա ծռեր» կուսակցության անդամ Գևորգ Սաֆարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ վարչապետն, ըստ էության, իր մոտ է կանչել պետական մարմինների աշխատակիցներին, ովքեր կաշկանդված են ձայն բարձրացնելու: