19/08/2019 22:01
Նոր ՇՄԱԳ անցկացնելու կարիք չկա․ Փաշինյանն՝ Ամուլսարի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ամուլսարի հարցով նոր փորձաքննության կարիք չի տեսնում․
«Նոր ՇՄԱԳ անցկացնելու կարիք չկա», - ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց նա։
Փաշինյանը նկատեց՝ լինելու է հանրային քննարկում և եթե ի հայտ գան նոր փաստեր, կառավարությունը կաշկանդված չի լինի իր գործողությունների մեջ։
«Ինչ ասում եմ՝ այս պահի դրությամբ մեր ձեռքի տակ առկա տեղեկատվության հիման վրա եմ ասում։ Հիմա մեծ հանրային քննարկում է լինելու, եթե հանկարծ հիմա մի քանի օրվա ընթացքում ի հայտ կգա փաստ և փաստարկ, որը մենք հաշվի չենք առել, կառավարությունը ոչ մի բանով կաշկանդված չէ կատարելու այն պայմանը, որը դրել էինք։ Եթե ի հայտ գա նոր փաստ, կասենք՝ «հա, օկ, ուրեմն այդ փաստը հաշվի չէինք առել, հիմա տեսնենք էդ փաստի դիտարկումը մեզ նոր եզրակացության բերու՞մ է, թե՞ չէ»», - ասաց նա։
Վերջում Փաշինյանը վերահաստատեց նախկինում հնչեցրած միտքը՝ եթե պարզվի, որ Սևանի և Ջերմուկի ջրերի ու ջրահավաք ավազանի համար հանքի շահագործումն անվտանգ է, ապա, հաշվի առնելով մեծ ծավալի ներդրումները, թույլ կտան հանքը շահագործել, եթե տեսնեն, որ վտանգ կա, կգնան այլ ճանապարհով։