20/08/2019 12:32
Այս տարի տպագրվող դասագրքերը կիսվել են՝ առաջին և երկրորդ կիսամյակի համար. պայուսակների քաշը 30-40 տոկոս թեթևացել է. նախարար
Մինչև 2023 թթ. դասագրքերի չափորոշիչների ամբողջական փոփոխություն ենք ունենալու, վարչապետի հետ աշխատանքային քննարկման ժամանակ ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
«Այս տարի նոր դասագրքեր չենք ունենալու: Դասագրքերի առումով մի փոփոխություն ենք արել՝ թեթևացրել ենք պայուսակները: Այս տարի տպագրվող դասագրքերը կիսվել են՝ առաջին և երկրորդ կիսամյակի համար: Այս առումով պայուսակների քաշը 30-40 տոկոս թեթևացել է», - ասաց նախարարը՝ ընդգծելով, որ գրքերի գնի վրա դա չի ազդի:
Վերջինս նկատեց, որ այս տարի թաբլեթ եղանակով հնարավոր կլինի օգտագործել ֆիզիկայի դասագիրքը:
Հարությունյանը շեշտեց՝ բոլոր դասագրքերը հասանելի են նաև էլեկտրոնային տարբերակով:
«Մենք հիմա ցուցանականեր ենք փակցնում QR կոդով, որով աշակերտը իր հեռախոսի մեջ կարող է ունենալ դասագիրքը և օգտվել դրանից», - ասաց Հարությունյանը: