21/08/2019 11:00
Դատապարտում ենք Հայկ Մարտիրոսյանի և Արթուր Գրիգորյանի նկատմամբ հետապնդումների փորձերը. «Սասնա ծռեր»
Խիստ մտահոգիչ են խորհրդային բռնապետության ոճով և նախկին հանցավոր ռեժիմին բնորոշ ձևով քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ու ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի նկատմամբ Դատախազության և ԱԱԾ միջոցով իրականացվող հետապնդումների փորձերը, հայտարարություն է տարածել «Սասնա ծռեր» կուսակցությունը:
«Այդ փորձերն, իհարկե, կատարվում են քողարկված ձևով՝ իբրև թե նրանց ֆեյսբուքյան գրառումներում առկա հանցագործությունների մասին հաղորդումների իսկությունը ստուգելու պատրվակով:
Մինչդեռ ակնհայտ է, որ այդ փորձերն սկսվեցին ի պատասխան Ամուլսարի հանքի շահագործման դեմ ՀՀ վարչապետի և կառավարության հասցեին հնչեցրած նրանց կոշտ քննադատության՝ ամենայն հավանականությամբ նպատակ ունենալով լռեցնելու նրանց ձայնը հոգեբանական և, հնարավոր է՝ նաև իրավական ազդեցության միջոցներով:
Դատապարտում ենք խոսքի ազատության դեմ ՀՀ իշխանությունների ձեռնարկած այս փորձերը և համոզմունք ենք հայտնում, որ մեր երկիրը բռնապետության ճահիճը վերադարձնելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման: Մեր զորակցությունն ենք հայտնում Հայկ Մարտիրոսյանին և Արթուր Գրիգորյանին, իսկ ՀՀ իշխանություններին հորդորում ենք այսուհետև ձեռնպահ մնալ Հայաստանը նորից բռնապետության վերածելու գայթակղությունից, հավատարիմ լինել ժողովրդավարությանը և չխախտել մարդու իրավունքներն ու ազատությունները»: