23/08/2019 14:38
Մետրոպոլիտենի ոստիկանները գողության դեպք են բացահայտել (տեսանյութ)
Ինչպես հանցագործությունների նախականխման, կանխման ու բացահայտման, այնպես էլ քաղաքացիների անվտանգ տեղաշարժը, հասարակական կարգը ապահովելու գործում առանձնակի կարևորություն ունի ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժինը:
Ինչպես հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից՝ ըստ միջին վիճակագրության` ամեն օր մետրոպոլիտենից օգտվում է 35.000 քաղաքացի: Հատկապես գնացքներում, կառամատույցներում, շարժասանդուղքների մոտ ոստիկաններն ավելի զգոն են, աչալուրջ: Հասարակական կարգն ապահովելուց զատ նման շրջայցերը հնարավորություն են տալիս նաև գողության, կողոպուտի դեպքեր բացահայտել:
Օգոստոսի 18-ին մի քաղաքացի մետրոպոլիտենի պահպանության բաժնում դիմում էր ներկայացրել, որ նույն օրը, մետրոյի «Ս.Դավիթի» կայարանի գետնանցումում նկատել է, որ 2 բջջային հեռախոսներն էլ չկան:
Բաժնի քրեական հետախույզներն անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են ձեռնարկել, և հետևողական աշխատանքը օրեր անց դրական արդյունք է տվել:
Օգոստոսի 21-ին, ժամը 20.50-ին, գողություն կատարելու կասկածանքով մետրոյի «Գ.Նժդեհի» կայարանի գետնանցումից ոստիկանները բերման են ենթարկել Նոր Խարբերդի 49-ամյա մի բնակչի:
Նա տվել է խոստովանական բացատրություն: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: