26/08/2019 18:29
«Մարզերի երեխաները մարզերում». սոցիալական ծրագիր՝ բացահայտելու ու զարգացնելու մարզաբնակ երեխաների ներուժը
Այս տարվա հունիսի 1-ից մեկնարկել է «Մարզերի երեխաները մարզերում» սոցիալական նախագիծը, որի շրջանակներում մարզաբնակ մի խումբ երեխաներ հնարավորություն են ստանում ծանոթանալ Հայաստանին՝ այցելելով իրենց մարզից բնակլիմայական պայմաններով ու ենթամշակույթով տարբերվող մարզ, ընկերանալ իրենց հասակակիցների հետ, ճանաչել մարդկանց և այլն: Ծրագրի նպատակների ու խնդիրների մասին Aysor.am-ը զրուցել է նախաձեռնող թիմի անդամ, «Նեթվորք արշավներ» ակումբի հետարշավային միջոցառումների կազմակերպիչ Մայա Շահումյանի հետ:
- Ո՞րն է ծրագրի նպատակը կամ այն խնդիրը, որը ցանկանում եք լուծել:
- Ծրագրի նպատակն է մարզաբնակ երեխաներին, դեռահասներին, որոնք քիչ են առիթ ունենում ծանոթանալ Հայաստանին ու հայաստանցիներին, տալ այդ հնարավորությունը, քանի որ նրանցից շատերն, ապրելով Հայաստանում մեր երկրի շատ վայրեր չեն տեսել կամ դրանց ծանոթ են միայն իրենց դասագրքերից: Մյուս կողմից՝ այս ծրագրով փորձում ենք բացահայտել նրանց հետաքրքրություններն ու ունակությունները՝ հնարավորություն տալով ինքնադրսևորվելու ու օգտագործելու իրենց ներուժը։ Իսկ դա իրականացնելու համար նախատեսել ենք կազմակերպել նաև դասընթացներ, հանդիպումներ տարբեր ոլորտների մասնագետների հետ՝ այդ տարիքից նախապատրաստելով նրանց ապագայում որպես մասնագետներ կայանալու ու զարգանալու:
- Ինչպե՞ս որոշեցիք սկսել այդ ծրագիրը։
- Լինելով Հայաստանի տարբեր մասերում՝ ես և «Նեթվորք արշավներ» խմբի մեր գաղափարակից ընկերները նկատել ենք, որ մարզերի ու հատկապես հեռավոր բնակավայրերի երեխաներն ունեն շփման պակաս, շատերը համայնքից դուրս չեն գալիս, ու ստացվում է, որ անգամ հասուն տարիքում մարդիկ չեն ճանաչում և առանձնապես չեն էլ հետաքրքրվում հայրենիքի՝ գոյություն ունեցող այլ անկյուններով ու այլ հայրենակիցների կյանքով: Կարելի է ասել, որ հենց սա մեզ հուշեց, որ մեր խնդիրը պետք է լինի ակտիվացնել մարզերի ժամանցային, մշակութային կյանքը, երեխաների համար հետաքրքիր զբաղմունքներ ու զբաղվածություն ապահովել ու այդպես փոխել մեր շրջապատը դեպի ավելի լավն ու կայունը:
- Մինչ այժմ ի՞նչ այցեր եք կազմակերպել և ինչպե՞ս եք կատարում մարզերի միջև ընտրությունը:
- Փորձում ենք ընտրել այն մարզերը, որոնք իրարից կտարբերվեն բնակլիմայական պայմաններով, մտածելակերպով, ենթամշակույթով, որպեսզի երեխաները տեսնեն այն, ինչը չեն տեսել իրենց համայնքում, բացահայտեն իրենց պատկերացրածից կամ տեսածից տարբեր Հայաստանն ու հայաստանցիներին: Մեր այցերից են եղել Արտանիշ-Նոյեմբերյան, Տաթև-Դրախտիկ գյուղերի երեխաների այցերը, որոնց հաջողվածությունը մեզ նոր ուժ ու ոգևորություն է տալիս շարունակելու սկսածը: Հետաքրքիր էր, օրինակ, որ 14-15 տարեկան նոյեմբերյանցիներից չէին տեսել Սևանը, չէին էլ լսել Արտանիշ գյուղի մասին, բայց այժմ ակտիվ շփվում են այնտեղի իրենց տարեկից ընկերների հետ, ծանոթ են ընտանիքներով, նույնը նաև Տաթև ու Սվարանց գյուղերի երեխաները՝ Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղ այցելելուց հետո:
- Ինչպե՞ս է անցնում երեխաների օրը հյուրընկալ գյուղում:
- Տուրը երկօրյա է՝ գիշերակացով։ Ժամանելով գյուղ՝ երեխաներին դիմավորում են իրենց հասակակիցները, որոնց ընտանիքները հյուրընկալելու են ժամանածներին: Հյուրընկալ գյուղը կազմակերպում է քայլարշավներ, կինոդիտումներ, խաղեր, խարույկի շուրջ պարեր ու այլ զբաղմունքներ՝ կախված գյուղի առանձնահատկություններից ու տեսարժան վայրերից: Անպայման լինում է նաև պատասխան այց՝ առաջին անգամ հյուրընկալողը հետո պետք է հյուրընկալվի:
- Ֆինանսական ի՞նչ միջոցներով է իրականացվում ծրագիրը։
- Թիմը «Նեթվորք արշավներ» սոցիալական նախագծից է, որի հիմնադիր Մայիս Մարգարյանի, ակտիվ անդամներից Արման Յարալյանի, Կարապետ Տոմիկյանի ծննդյան օրերի նվերների գումարն ուղղվել է այս նպատակին՝ փորձելով նախադեպ ձևավորել այս խնդրի լուծման ճանապարհին։ Ծրագրով ոգևորված ու մեզ աջակցող անհատներ ու կազմակերպություններ ևս կան, որոնք փոխանցումներ են անում, իսկ մենք մանրամասն հաշվետվություն ենք ներկայացնում այդ բոլոր փոխանցումների ու ծախսերի մասով նախագծի խմբում:
«Նվիրի՛ր կիլոմետրեր» շարժումը ևս ֆինանսավորման միջոց է, որի շրջանակներում կիլոմետրեր կարող է նվիրել մեզնից յուրաքանչյուրը՝ գումարի իր նախընտրած չափը փոխանցելով ծրագրի հաշվեհամարին, «Իդրամ» դրամապանակին, «Թիմ թայմ» հակասրճարանում ու «Էքզելիստ» ակումբում տեղադրված տուփերում․ 1 կմ-ը 200 դրամ է։