27/08/2019 12:44
Ուրախ եմ, որ բուհական համակարգում յուրաքանչյուրը կարող է իր կարծիքն ազատ արտահայտել և չհետապնդվել. Նախարարը՝ ՀՊՏՀ ուսանողների դժգոհությունների մասին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը չունի տեղեկություններ այն մասին, որ ՀՊՏՀ-ում ռեկտոր Ռուբեն Հայրապետյանի հեռացումից հետո դասախոսները չեն ցանկանում աշխատել:
Լրագրողների դիտարկմանը, թե ուսանողները ևս դժգոհ են ու ստորագրահավաք են սկսել՝ Հայրապետյանին հեռացնելու դեմ, նախարարը նշեց.
«Նորմալ է, ես շատ ուրախ եմ, որ բուհական համակարգում այլևս ստեղծվել են այնպիսի պայմաններ, երբ յուրաքանչյուրը կարող է իր կարծիքն ազատ արտահայտել և դրա համար չհետապնդվել, ազատ լինել իր գործողության մեջ»:
Դիտարկմանն էլ՝ ինչպիսի՞ն է տեսնում հարցի լուծումը, Հարությունյանը պատասխանեց.
«Երբ դրանք կնյութականացվեն, այլ ոչ թե կլինեն ֆեյսբուքում սպամ անելու գործողություններ, այն ժամանակ էլ կխոսենք ավելի լուրջ»:
Հարությունյանը նաև նշեց, որ ստեղծված իրավիճակը խոչընդոտներ չի ստեղծի ուսումնական տարվա սկզբին. «Սեպտեմբերի 2-ից բուհերը նորմալ կաշխատեն»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանն ազատվել է պաշտոնից: