27/08/2019 15:22
Արտգործնախարարի ելույթը հստակություն չմտցրեց Արցախյան հարցի վերաբերյալ մեր դիրքորոշման մեջ. փորձագետ
Արտգործնախարարությունը պարբերաբար փորձում է խմբագրել թե՛ իր, թե՛ վարչապետի հայտարարությունները: Այսօրվա նախարարի ելույթում կրկին խմբագրման նման փորձ կար: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը:
«Ելույթի ամենակարևոր ձևակերպումներից մեկը վերաբերում էր կարգավիճակի և անվտանգության վերաբերյալ ասվածին: Եթե նախկինում ԱԳՆ կողմից հայտարարվում էր, որ մեզ համար առաջնայինն Արցախի ժողովրդի անվտանգությունն է և դրանից բխող կարգավիճակի հարցը, այսօր ընդգծվեց, որ «Հայաստանը չի կարող գնալ կարգավորման որևէ տարբերակի, որը կարող է վտանգել Արցախի ժողովրդի անվտանգությունը և սահմանափակել ինքնորոշման իրավունքի իրականացման շրջանակը»»,- նշել է փորձագետը՝ պարզաբանելով, որ նախկին ձևակերպումը հիմք էր տալիս Ադրբեջանին պնդելու, որ Ադրբեջանի տարածքում էլ իրենք պատրաստ են երաշխավորել արցախցիների անվտանգությունը:
«Այս մարտահրավերի մասին բազմիցս խոսվել է փորձագետների կողմից, և ողջունելի է, որ այսօր ԱԳՆ-ն խմբագրում է իր ձևակերպումն ու շեշտում, որ չի կարող լինել ինքնորոշման իրացման շրջանակի սահմանափակում, այսինքն՝ Արցախի ժողովուրդն ինքը պիտի ընտրի իր կարգավիճակը բոլոր հնարավոր տարբերակներից», - ասել է Կարապետյանը:
Խմբագրումների համատեքստում փորձագետն ուշադրություն է հրավիրում նաև այն հանգամանքի վրա, որ Զոհրաբ Մնացականյանը, մի կողմից՝ հղվում է Ստեփանակերտի հրապարակում Նիկոլ Փաշինյանի ելույթին, որտեղ վերջինս հայտարարել էր, որ «Արցախը Հայաստան է և վերջ», մյուս կողմից՝ ընդգծում է, որ Ադրբեջանը պետք է բանակցի Արցախի ընտրված իշխանությունների հետ:
«Եթե Հայաստանն իր արտաքին քաղաքականության մեջ որդեգրում է այն մոտեցումը, որ Արցախը Հայաստան է և վերջ, ապա տեղին չէ այլևս Արցախի սուբյեկտայնության, Արցախի՝ բանակցային առանձին կողմ լինելու մասին խոսելը: Սակայն ԱԳՆ-ն շարունակում է պնդել Արցախի՝ բանակցային գործընթաց վերադառնալու անհրաժեշտության վրա, այսինքն՝ փորձում է մեղմել վարչապետի հայտարարության ռիսկերը»,- նշել է Կարապետյանը:
Ամփոփելով՝ փորձագետը նշել է, որ վարչապետի և ԱԳՆ-ի հայտարարությունները հատկապես Արցախի հարցում երբեմն տարբերվում են, ինչն իր էությամբ խնդրահարույց է, իսկ դրանք մոտարկելու փորձերը լրացուցիչ անհստակություն են ստեղծում: Արտաքին գործերի նախարարի այս ելույթը ևս, ընդհանուր առմամբ, հստակություն չմտցրեց: