28/08/2019 18:11
Ովքե՞ր են շահագրգռված Ամուլսարի հանքի ռիսկերի վերաբերյալ կեղծ տվյալներ տարածելով. Գորայքի բնակիչները պատասխանի են սպասում (Տեսանյութ)
Գորայք համայնքի ղեկավար Աշոտ Աղաջանյանը պնդում է, եթե կասկած կա «Լիդիանի» գործունեության հետ կապված, կարող են համեմատել գոյություն ունեցող մնացած հանքերն ինչպես են աշխատել՝ «Լիդիանն» ինչպես:
«Եթե կհամեմատվեն, թող համեմատվեն, բայց ես վստահ եմ, որ իրենք շատ քիչ եզրեր ունեն, որ կարողանան «Լիդիանի» հետ համեմատվել», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Աղաջանյանը:
Նա ընդգծեց՝ «Լիդիանի» կողմից հստակ հարց է դրված եղել՝ բնությունը չի աղտոտվել:
Գորայք համայնքի նախկին ղեկավար Ռուստամ Առուստամյանն էլ նկատեց, որ հանքի շահագործման շուրջ եղած մտավախությունները շինծու են.
«Եթե նման վտանգներ կային, կառավարությունն ի սկզբանե դրեց որոշեց, որ թույլ չի տա աշխատել, մինչև չիմանա վտանգներ կան, թե չէ: Կառավարությունը ֆինանսավորեց, էդ փողը հո՞ ավել չէր պետության համար, որ «Էլարդին» կանչեին, գար ուսումնասիրեր: Էդ մարդիկ իրենց եզրակացությունը տվեցին հանրությանը թափանցիկությամբ ասացին ինչ է: Մարդիկ շատ լավ քաջատեղյակ են», - ասաց նա:
Առուստամյանն ավելացրեց, որ Ամուլսարում չկան այն կատեգորիայի վտանգներ, որոնց մասին խոսվում է: