29/08/2019 14:08
Մակրո տեսանկյունից դեռևս այն վիճակում ենք, որը մեզ չի բավարարում. Տիգրան Խաչատրյանը՝ ներդրումների մասին
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այս պահին ներդրումների հետ կապված ակնկալիքները բավարար չի համարում.
«Մակրո տեսանկյունից մենք դեռևս գտնվում ենք այն վիճակում, որը մեզ չի բավարարում: Նախորդ տարվա արդյունքներով ՀՆԱ նկատմամբ հիմնական միջոցներում մոտ 17 տոկոս ներդրումներ ենք ունեցել: Գտնում ենք, որ դա երկարաժամկետ կայուն աճ ապահովելու համար բավարար չէ: Կառավարության առաջիկա հնգամյա ռազմավարությունը պիտի ձգտի, որպեսզի այդ ցուցանիշը գերազանցի առնվազն ՀՆԱ 23 տոկոսը», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նա:
Դիտարկմանն՝ արդյոք կիսու՞մ է վարչապետի կարծիքն այն մասին, որ առաջիկայում ՀՀ-ն կունենա երկնիշ տնտեսական աճ, նախարարն ասաց.
«Վերջին երեք տարիների ընթացքում արդեն չենք զարմանում, երբ 6-8 տոկոսանոց տնտեսական ակտիվություն ենք տեսնում տարվա տարբեր ժամանակահատվածներում և միջին հաշվով այս ցուցանիշը երկու անգամ ավելի բարձր է, քան 2014-2016 թթ. համար է եղել, բայց պետք է հիշենք, որ ամեն ինչ տեխնոլոգիական ապահովվածությունից և տնտեսության տարբեր ոլորտներում ներդրումների ծավալի աճից է կախված»:
Խաչատրյանն ընդգծեց, որ կառավարության ներկա ռազմավարական անելիքների շեշտը, լինելու է հատկապես տնտեսության տարբեր ոլորտներում արտադրողականության բարձրացմունը:
Նախարարի խոսքով՝ պետք է հստակեցնել տնտեսական մի քանի ուղղություններ, որոնք կարող են միլիարդ և ավելի դոլարի արտադրության ծավալ ունենալ: