29/08/2019 12:33
Կառավարությունը կսուբսիդավորի ձկնաբուծությամբ զբաղվողների սարքավորումների 20 տոկոս կանխավճարի 50 տոկոսը
Այսօրվա նիստում կառավարությունը որոշեց ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրում կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ, որոնցով ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսավարողների կողմից ջրային ռեսուրսների այլընտրանքային օգտագործման ապահովման նպատակով ձեռքբերվող սարքավորումների համար անհրաժեշտ 20 տոկոս կանխավճարի 50 տոկոսը, բայց ոչ ավելի քան 6 մլն դրամը, կսուբսիդավորվի։
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց նախագիծ, որը նախատեսում է խրախուսել շրջանառու ջրի օգտագործումը:
«Արարատյան դաշտավայրում, որտեղ կան 116 ջրօգտագործող ձկնաբուծական տնտեսություններ, նախատեսվում է սահմանել այնպիսի կարգավորումներ, որոնք կապի մեջ են դնում օգտագործված ջրի քանակը և այդ ջուրը օգտագործելու արդյունքում արդյունաբերական արտադրանքի քանակը, տվյալ դեպքում՝ ձկան արտադրության քանակը»,-ասաց նա:
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն իր հերթին նշեց, որ նոր թույլտվություններ չեն լինելու, և մոնիտորինգ է իրականացվելու:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ ձկնաբուծությունը տնտեսության կայացած ճյուղերից մեկն է:
«Ընտրությունը հետևյալն է՝ ասենք արտեզյան ավազանի վրա խաչ ենք քաշում, որը չենք կարող անել, կամ ձկնաբուծության վրա ենք խաչ քաշում, որը էլի չենք կարող անել, քանի որ երկու դեպքում էլ հարվածում ենք տնտեսությանը: Դրա համար պետք է քայլ առ քայլ գնալ և հավասարակշռել: Մեր կուրսը շատ հստակ է: Մենք աջակցելու ենք տեղական արտադրողներին բոլոր ոլորտներում՝ մեկ պայմանով՝ համոզվելով, որ դրանց մրցունակությունն ենք ավելացնում, ոչ թե նստեցնում ենք աջակցության թմրանյութի ասեղի վրա, այլ օգնում ենք, որ լինեն առավել ինովացիոն, մրցունակ, արդյունավետ:
Մենք այս ոլորտում շատ լուրջ խնդիր ունենք, բայց եթե փորձեն մի քայլով խնդիրը լուծել, հոնքի տեղը աչքը կհանենք»,-նշեց Նիկոլ Փաշինյանը։
Կառավարության մեկ այլ որոշմամբ տրանսպորտային միջոցի մաքսային ձևակերպումից հետո վարորդները, մինչև ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից համապատասխան համարանիշի տրամադրելը, տրանսպորտային միջոցները կվարեն մաքսային մարմինների կողմից տրամադրված «Ժամանակավոր» տեսակի համարանիշներով՝ պահպանելով «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքով սահմանված դրույթները: