29/08/2019 20:38
Բնական է՝ հեղափոխության օրերի տնտեսապես պարալիզացված ժամանակաշրջանի նկատմամբ այս տարի կունենանք ցուցանիշների աճ. փորձագետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում պարբերաբար տարբեր ցուցանիշների մասին գրառումներով է հանդես գալիս, որոնց թվում՝ տնտեսությանն առնչվող: Թեմայի շուրջ Aysor.am-ը զրուցել է «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանի հետ:
«Սկսենք նրանից, որ բերվող տնտեսական ցուցանիշները պետք է ենթարկվեն վերլուծության: Յուրաքանչյուր ցուցանիշի աճի հիմքում ընկած են մի շարք պարամետրեր, շատ հաճախ ինչպես դրական միտումների մասին պատմող, այնպես էլ բացասական: Միմիայն այդ պարամետրերի համադրությունը թույլ կտա որոշելու՝ բերված ցուցանիշի աճն իրականում խոսում է արդյոք տնտեսությունում դրական փոփոխության մասին, ունի՞ մեծ կշիռ երկրի տնտեսական կյանքում, թե՝ ոչ: Որպես օրինակ, վարչապետի մատնանշած առևտրի շրջանառության 9 տոկոսանոց աճը: Որպեսզի հասկանանք այս ցուցանիշի պրոյեկցիան իրական տնտեսությունում ինչ պատկեր կտա, պետք է համադրենք երկու ցուցիչ՝ ապրանքների շրջանառության ծավալների փոփոխությունն ու գների փոփոխությունը: Վիճակագրական տվյալների համաձայն ապրանքաշրջանառության աճի փոփոխությունը մեծ չէ, մինչդեռ սպառողական գների աճն ակնհայտորեն՝ մեծ: Մեկ այլ ցուցանիշ՝ ծառայությունների ոլորտում հիշատակված աճը: Կրկին պիտի հաշվի առնենք եղած գնաճը, ինչպես նաև այս դեպքում սեզոնային առանձնահատկությունը. ամռանը ծառայությունների ոլորտում մշտապես աճ է գրանցվում: Այսինքն, պետք է հասկանալ ցուցանիշի էությունը, և հետո միայն հետևություններ անել: Սա, իհարկե, չի նշանակում, որ ոլորտային աճն առ ոչինչ է մեր տնտեսությունում, սակայն մեծ ոգևորության առիթ էլ չեմ տեսնում այս պահի դրությամբ», - պարզաբանեց փորձագետը:
Լ. Ամիրխանյանի պնդմամբ, հարկավոր է ուշադիր լինել նաև բերվող ցուցանիշների համեմատությունների ժամանակագրությանը. «Մինչ այս պահը ներկայացված ցուցանիշների մեծ մասը համեմատության մեջ են եղել 2018թ.-ի երկրորդ եռամսյակի նկատմամբ: Հիշեցնեմ՝ դա այն ժամանակահատվածն էր, որի ընթացքում հեղափոխական զարգացումների արդյունքում պարալիզացվել էր ողջ երկրի տնտեսությունը, ուստի բնական է այդ ընթացքի համեմատ ցուցանիշները աճը»: