31/08/2019 14:16
Մեղրիի ազատ տնտեսական գոտին պարապուրդի է մատնված. Միքայել Մելքումյան
ՀՀ ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն արտագնա նիստ է հրավիրել Մեղրու ազատ տնտեսական գոտու և տարածաշրջանային զարգացման արդի խնդիրների թեմայով:
Ինչպես քննարկման ընթացքում ասաց հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը, թեև ժամանակին այն մեծ ոգևորությամբ բացվել էր, այսօր պարապուրդի է մատնված, ինչն անհանդուրժելի է:
Արտագնա նիստին ներկա «Մեղրի» ԱՏԳ ՓԲԸ տնօրեն Աշոտ Զարբաբյանն իր հերթին նկատեց.
«Հիմնական հիմնախնդիրներն այսօրվա դրությամբ հետևյալներն են. առաջինը՝ մենք հողի կարիք ունենք ըստ մեր զարգացման ծրագրի, երկրրոդը մուտք ու ելքի ռեժիմն է, երորդը, որ մենք չենք կարողանում ավարտական շինարարական ակտ ստանալ կառուցապատողից, որովհետև շինարարի հետ անհամաձայնության մեջ են գնագոյացման համար: Այս երեք հարցի լուծումից է կախված ազատ տնտեսական գոտու աշխատանքը»։
Միքայել Մելքումյանն էլ նշեց, որ հողակտորներից որոշները շինարարության համար պիտանի չեն, մյուս խնդիրն այն է, որ դրանցից որոշները պատկանում են հայտնի մարդկանց:
«Եթե ուզում ենք, որ գոտին աշխատի, պետությունը պետք է կամ հավակնոտ բանակցի, կամ տարածքները գերակա շահ հայտարարի: Շինարարի հարցով էլ հնարավոր է դիմել դատարան, և հարցը լուծել» ,- ասաց նա: