04/09/2019 17:40
Չենք կարող վստահ լինել, որ «արտաբյուջետային միջոցներ» հասկացությունից հրաժարվելը չի հետապնդում բյուջետային մուտքերի անվանական աճ ապահովելու նպատակ. փորձագետ
Սեպտեմբերի 3-ին Ազգային Ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ «Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագծի փաթեթի քննարկման ընթացքում ՀՀ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հանդես է եկել արտաբյուջետային միջոցներից հրաժարվելու մասին առաջարկով:
Նախարարի խոսքով այդ միջոցները մշտապես քննադատությունների են ենթարկվել, քանի որ գտնվել են ոչ թե Աժ-ի, այլ՝ Կառավարության վերահսկողության ներքո:
«Պետական միջոցների նկատմամբ վերահսկողության մեծացումը դրական նպատակ է: Այլ հարց է, թե ի՞նչ մեխանիզմներով է դա իրականացվում», - Aysor.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը:
«Նախարարի խոսքերով այդպիսով հնարավոր կլինի սահմանափակել պետական և տեղական իշխանության մարմինների՝ արտաբյուջետային հաշիվներ ունենալու հնարավորությունները: Լավ է, որ պետական միջոցների նկատմամբ կա վերահսկողությունը մեծացնելու բարձրաձայնված միտում, սակայն հասկանալու համար, թե արժե՞ արդյոք դա անել այս ճանապարհով, երևի կարիք կա վերհիշելու արտաբյուջետային միջոցների նպատակները: Եթե փորձենք հակիրճ բնութագրել, ապա դրանք պետական ընթացիկ պահուստային միջոցներ են, որոնք դուրս են բյուջետային տողերից: Փորձեմ բազմաթիվ նպատակներից առանձնացնել մի քանիսը, որոնց ուղղվում են արտաբյուջետային միջոցները:
Դրանցից են ժամանակավորապես ազատ միջոցների ավանդադրման, առևտրային կազմակերպություններում պետական բաժնեմասի մասնավորեցումից առաջացող միջոցների հավաքագրման համար, դատական, նախաքննական և դատական ակտերի հարկադիր կատարման մարմինների կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանցից բռնագանձվող միջոցների ստացման և օրենքով որոշված այլ ստացողներին հետագա փոխանցումն ապահովելու համար, որոշակի ոլորտներում առանձին տնտեսավարող սուբյեկտների կողմից իրականացվող տնտեսական գործունեության արդյունքում առաջացող բացասական հետևանքների վերացման և ռիսկերի կառավարման, միջազգային դոնորներին տրամադրվող վարկերի փոխառման հետևանքով առաջացած գումարների հավաքագրման համար և այլն: Այսինքն, ինչպես տեսնում եք, խնդիրն այստեղ միայն ծախսերի հարցը չէ», - նշեց փորձագետը:
Ըստ նրա՝ արտաբյուջետային միջոցներից հրաժարվելը կարող է խնդիր առաջացնել նշված իրավիճակներում միջոցների կառավարման, արագ արձագանքի հետ կապված:
«Այս դեպքում կարելի էր պարզապես լրացուցիչ վերահսկողության մեխանիզմներ սահմանել, օրինակ՝ նույն համայնքային իշխանությունների համար սահմանվեր այս միջոցների օգտագործման հաշվետվողականության սխեմա: Թե ինչո՞ւ Կառավարությունը չի գնում այս տարբերակով, հարցեր է առաջացնում: Օրինակ, կարո՞ղ ենք արդյոք վստահ լինել, որ արտաբյուջետային միջոցներ հասկացությունից հրաժարվելը և եղած միջոցները բյուջեի սովորական եկամուտ դարձնելը չի հետապնդում բյուջետային մուտքերի անվանական աճ ապահովելու նպատակ: Չենք կարող, քանի որ այդ քայլի՝ գոնե այս պահի դրությամբ ներկայացված հիմնավորումները, բավարարող չեն»: