05/09/2019 19:26
Ամուլսարի շուրջ ստեղծված վերջին զարգացումները. փորձագետի կարծիք
Վարչապետը, խուսափելով Ամուլսարի շահագործման որոշում կայացնելու անմիջական պատասխանատվությունից, հարցը փոխանցեց Շրջակա միջավայրի նախարարությանը, այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Ռոզի Միքայելյանն՝ անդրադառնալով Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակին:
«Եթե հետհայացք նետենք Ամուլսարի շորւջ զարգացումների ժամանակագրությանն, ապա կունենանք հետևյալ պատկերը. կառավարության նիստի վերջում վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ գործն ուղարկվում է Շրջակա միջավայրի նախարարութուն, որպեսզի այնտեղից տան փորձագիտական եզրակացություն շրջակա միջավայրի անվտանգության հնարավոր նոր մարտահրավերների վերաբերյալ: Նախարարությունը, բնականաբար, ուներ պատասխանը տալու վերջնաժամկետ՝ սեպտեմբերի 4:
Այստեղ մի բան եկեք հասկանանք, որ վարչապետը, խուսափելով Ամուլսարի շահագործման որոշում կայացնելու անմիջական պատասխանատվությունից, հարցը փոխանցեց Շրջակա միջավայրի նախարարությանը, որն էլ իր հերթին խուսանավելով այդ պատասխանատվությունից դիմել էր մի շարք մասնագետների ու չստանալով որևէ արդյունք՝ սեպտեմբերի 3-ին դիմել էր Գիտությունների Ազգային Ակադեմիային՝ եզրակացություն տալու այդ հարցի վերաբերյալ: Հիշեցնեմ, որ վերջնաժամկետը սեպտեմբերի 4-ն էր: Սակայն ակադեմիան ևս հրաժարվում է նշված ժամկետ շրջանակում եզրակացություն տալ` ելնելով օբլեկտիվ և սուբյեկտիվ մի շարք պատճառներից», - նշեց փորձագետը։
Նրա խոսքով՝ ստացվում է, որ սեպտեմբերի 4-ին պատասխան չունենալու պարագայում խախտվում է սահմանված վերջնաժամկետը:
«Տպավորություն է, որ ժամանակ շահելու համար կառավարությունում եկել են բանավոր համաձայնության, համաձայն որի նախարարության կողմից տրվել է եզրակացություն և հայտարարել են, որ կառավարությունը ծանոթանում է եզրակացությանը:
Բայց եկեք չմոռանանք, որ համաձայն Լիդիանի հետ եղած պայմանավորվածության, եթե մինչև սեպտեմբերի 9-ը Լիդիանի բնականոն աշխատանքը վերականգնված չլինի, ապա նրանք դիմելու են արբիտրաժային դատարան:
Հետևաբար, ստացվում է, որ գլոբալ առումով խնդիրը չի փոխվել. մի կողմից՝ Ամուլսարի շահագործման դեմ հանրություն, խմբակցության անդամներ, բնապահպաններ, հակառակ կողմից՝ ԱՄՆ կամ Արևմուտք առհասարակ և ապագա ներդրումային դաշտի տապալում, և որպես լրացում՝ մի ուժային կենտրոնի բալանասավորման անհնարինություն մյուսով:
Իսկ արբիտրաժ հասնելու պարագայում, Լիդիանի հայցը ՀՀ-ի համար բացի իմիջայինից կունենա նաև բավականին ծանրակշիռ ֆինանսական հարված», - ասաց Ռոզի Միքայելյանը։