06/09/2019 11:35
Տիգրան Ավինյանն ու Լատվիայի դեսպանը քննարկել են Երևան-Ռիգա ուղիղ չվերթի բացման հեռանկարները
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Լատվիայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգրիդա Լևրենցեին (նստավայրը՝ Թբիլիսի):
Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը նշեց, որ վերջին տարիներին հայ-լատվիական հարաբերությունները զգալի առաջընթաց են ապրել և հույս հայտնեց, որ միասնական ջանքերով հնարավոր կլինի համագործակցության էլ ավելի հավակնոտ օրակարգ ձևավորել:
Զրուցակիցները համակարծիք էին, որ առևտրատնտեսական ոլորտում առկա է չիրացված զգալի ներուժ և այս առումով կարևորեցին տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը:
Անդրադարձ կատարվեց Երևան-Ռիգա ուղիղ չվերթի բացման հեռանկարներին: Տիգրան Ավինյանն ընդգծեց, որ նոր ավիաուղղություններ գործարկելու համար Հայաստանի կառավարությունը գործուն քայլեր է իրականացնում:
Ինգրիդա Լևրենցեն հայտնեց, որ Լատվիան պատրաստակամ է աջակցելու Հայաստանում իրականացվող բարեփոխումներին և կիսվելու իր կուտակած փորձով: Այս համատեքստում քննարկվեց հանրային կառավարման համակարգի բարեփոխումների հարցում համագործակցության հնարավորությունը:
Կողմերը անդրադարձան Հայաստան-ԵՄ հարաբերություններին և Արևելյան գործընկերության ծրագրի զարգացման հեռանկարներին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև խորհրդարանական դիվանագիտության ակտիվացմանը և մշակութային կապերի խորացմանը վերաբերող հարցեր: