06/09/2019 16:50
«Սեքյուրիթի Դրիմ»-ի և «Էլլիպս Ջի Էյ»-ի կողմից խարդախության դեպքով քրգործի շրջանակներում վերականգնվել է 210մլն. դրամը
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակվում են իրականացվել ակտիվ քննչական գործողություններ՝ «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» ընկերությունների աշխատակիցների կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, հայտնում են ՔԿ լրատվական ծառայությունից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2017թ. ընթացքում նշված ընկերությունների աշխատակիցների կողմից կազմվել են փաստացի չիրականացված և չմատուցված ծառայությունների վերաբերյալ ամսական կտրվածքով կեղծ կատարողական ակտեր, որոնց հիման վրա էլ նույնաբովանդակ կեղծ հաշվետվություններ կազմելու և ՀՀ ոստիկանության ՃՈ ֆինանսական բաժանմունք հանձնելու եղանակով «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» ՍՊ ընկերությունների տնօրինության կողմից խաբեությամբ առերևույթ հափշտակվել է շուրջ 1.015.869.600 ՀՀ դրամ գումար:
Նշենք, որ այսօրվա դրությամբ պատճառված վնասից վերականգնվել է 210մլն. ՀՀ դրամ գումար։
Քրեական գործով հինգ անձ ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ: Նրանցից մեկի նկատմամբ, ով հանդիսանում է ընկերությունների համահիմնադիրը, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ ընկերությունների երկու հաշվապահների նկատմամբ դատարանը թույլատրելի է համարել այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը:
«Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» ՍՊ ընկերությունների հիմնադիրներից ևս մեկը և «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության նախկին տնօրենը ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել են որպես մեղադրյալ և նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Նախաքննությունը շարունակվում է:
Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ վերջիններիս հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Հանձնարարություններ են տրվել Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը: