08/09/2019 20:52
Արցախի նախագահական ընտրություններում մասնակցելու վերջնական որոշումը Մասիս Մայիլյանը կկայացնի մոտակա երկու ամսվա ընթացքում (Տեսանյութ)
2020 թվականին Արցախում սպասվող նախագահական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ վերջնական որոշում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը կկայացնի մոտակա երկու ամսվա ընթացքում, երբ ավարտի խորհրդատվությունները տարբեր քաղաքական ուժերի հետ։
Արցախում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ երեք շաբաթ առաջ ասել է, որ չի բացառվում ակտիվ մասնակցություն ունենա 2020 թվականի ընտրություններին, ինչը շատ դրական արձագանք է ստացել Արցախում, Հայաստանում, Սփյուռքում:
Հարցին՝ Հայաստանի իշխանություններն աջակցելու են իրեն, նա պատասխանեց. «Հայաստանյան իշխանությունները, հատկապես վարչապետ Փաշինյանը, ասել է, որ Հայաստանը երաշխավորելու է, որ այստեղ լինեն ազատ թափանցիկ և արդար ընտրություններ, ես կարծում եմ, որ դա բավարար է որպես աջակցություն բոլոր թեկնածուների համար»:
Հարցին՝ ՀՀ իշխանությունների հետ անհամաձայնությունները, ինչի մասին նաև վարչապետն է նշել, ինչպես կարող է անդրադառնալ Արցախ-Հայաստան հարաբերությունների վրա, Մասիս Մայլյանը պատասխանեց. «Հայաստան-Արցախ հարաբերությունները նորմալ զարգանում են, գոնե արտաքին գործերի մասով կարող եմ ասել, որ շատ սերտ համագործակցում ենք նախարարների, նախարարությունների մակարդակով: Որևէ լուրջ խնդիր ես չեմ տեսնում և խոչընդոտ չկա»:
Մասիս Մայլյանը ճիշտ մոտեցում համարեց ՀՀ իշխանությունների այն դիրքորոշումը, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ և այդ մոտեցումը համահունչ է Արցախի իշխանությունների մոտեցումներին, քանի որ տարիներ շարունակ Արցախի իշխանությունները պնդել են դա:
«Այս առումով շատ ողջունելի է, որ Հայաստանի նոր կառավարությունը որդեգրել է այդ նույն քաղաքականությունը, և այդ առումով մենք միասին առաջ ենք գնում: Նաև կարևոր է, որ դա չի առաջադրվել որպես նախապայման, այսինքն հանդիպումները շարունակվում են, առաջ են մղում այդ հարցը և իր լուծումը ստանալու է», - ասաց նա: