09/09/2019 19:11
Մեր մանկության օրորերգերը՝ նոր մեկնաբանմամբ. երգչուհի Արփին հանրությանն է ներկայացրել «Օրորերգ» ձայնասկավառակը
Մեր մանկության օրորերգերն այսուհետ միատեղված են մեկ ձայնասկավառակում՝ երգչուհի Արփիի շնորհիվ: Սեպտեմբերի 8-ին հենց այդ ձայնասկավառակի շնորհանդեսը տեղի ունեցավ խորհրդանշական «Մայր Հայաստան» հուշարձանի սրահներից մեկում:
«Օրորերգ» ձայնասկավառակի մտահղացումը ծնունդ է առել դեռևս 4 տարի առաջ, երբ լույս աշխարհ եկավ երգչուհու առաջնեկը: Արփին խոստովանում է՝ փոքրիկին քնեցնելիս միշտ դասական երաժշտություն էր միացնում, մեկտեղ՝ անընդհատ փնտրում էր օրորոցայիններ:
«Արդեն երկրորդ բալիկս ծնվել էր, երբ իմ կատարմամբ օրորոցային երգերի ձայնասկավառակ թողարկելու առաջարկ ստացա Բոստոնում գործող «Ամարաս» կազմակերպությունից: Սկսեցի ուսումնասիրել համապատասխան գրադարանները, նոտաներ գտնել, մասնագետների հետ հանդիպել: Բազմաթիվ օրորերգեր հայտնաբերեցի, անգամ մնտածում եմ նմանատիպ երկրորդ ձայնասկավառակի մասին, քանի որ բոլորը հնարավոր չի եղել մեկտեղել», - Aysor.am-ի հետ զրույցում մանրամասնեց նա:
Առաջին ձայնասկավառակում ընդգրկված է 14 կատարում: Այստեղ նոր մոտեցմամբ տեղ են գտել նաև երգեր՝ երգչուհու «Գանձեր» ձայնասկավառակից:
«Նախորդ ձայնասկավառակից այստեղ «տեղափոխված» երգերը հետաքրքիր պատմություն ունեն. օրինակ, քնելուց առաջ դստրիկս միշտ խնդրում էր Կոմիտասի «Արորն ու տատրակը» միացնեմ, ինչն ինձ շա՜տ էր ուրախացնում: Նաև, շատ մայրիկներից նամակներ էի ստանում, որ իրենց երեխաները քնում են «Մախմուր աղջիկ» երգի հնչյունների տակ, ու որոշեցի այդ երգը նույնպես ընդգրկել ձայնասկավառակում, բայց այս անգամ դաշնամուրային տարբերակով», - ընդգծեց մեր զրուցակիցը:
Ձայնասկավառակում ներառվել են ոչ միայն հայտնի օրորերգեր, այլ օրորերգ, որի հեղինակը հենց Արփին է: Երգչուհին նկատում է՝ իր հեղինակած երգը ոչ թե օրորոցային է, այլ՝ քնին պատրաստող.
«Սովորաբար, երեխաներն օրորոցում միանգամից չեն քնում, նրանք անընդհատ շարժման մեջ են՝ մինչև տրամադրվեն քնելուն: Ու այս երգը քուն բերող երգ է, կոչվում է «Շը՜շշշ - Նա՛ն»:
Ձայնասկավառակի ստեղծման գործում երգչուհին համագործակցել է Դեր Հովայի, «Գաթա» բենդից՝ Գարիկ Առաքելյանի հետ: Նաև մեկ զուգերգ է ներառված՝ Վիգեն Հովսեփյանի հետ:
Ձայնասկավառակի դիզայնը մանրանկարչության տեսքով է, հեղինակն է Արմեն Վահանյանը:
Շնորհանդեսին ներկա էին երգչուհու ընտանիքի անդամները, ընկերներն ու շոուբիզնեսի ներկայացուցիչները: Բնականաբար, «Մայր Հայաստան»-ի սրահում ևս հնչեց կենդանի կատարում՝ ամբողջացնելով երեկոն: