09/09/2019 11:57
Գլխավոր դատախազությունն առայժմ չի մեկնաբանում Քոչարյանի վերաբերյալ ՍԴ որոշումը
Հայաստանի գլխավոր դատախազությունը առայժմ չի մեկնաբանում Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանի կայացված որոշումը։ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից Aysor.am-ին փոխանցեցին, որ այս պահին որևէ դիրքորոշում չեն կարող հայտնել և հնարավոր է՝ այսօրվա ընթացքում որևէ պաշտոնական հաղորդագրություն այդ մասին տարածվի։
Նկատենք, որ Քոչարյանի պաշտպանական խումբը դեռևս սեպտեմբերի 7-ին հատուկ այդ թեմայով հրավիրված ասուլիսում, մեկնաբանելով ՍԴ որոշումը, հայտարարել էր, որ ՍԴ որոշմանը պետք է հետևի Ռոբերտ Քոչարյանին կալանքից անհապաղ ազատելը և նրա նկատմամբ առաջադրված մեղադրանքը վերացնելը։
«Սահմանադրականի դատարանի որոշման մեջ կան իրավական դիրքորոշումներ, որոնցից ուղղակիորեն հետևում է, որ պարոն Քոչարյանը առ այս պահը ապօրինաբար է գտնվել կալանքի տակ և առ այս պահը պարոն Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումն իրականացվել է ապօրինի», - ասել էր փաստաբան Հայկ Ալումյանը։
Ավելին, Քոչարյանի պաշտպանները նույն օրը միջնորդություն էին ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անհապաղ վերացնելու և քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ։
Այսօր էլ Քոչարյանի կողմնակիցները ակցիա են իրականացնում Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց՝ պահանջելով Սահմանադրական դատարանի որոշման հիմնա վրա ազատ արձակել նախկին նախագահին։
Հիշեցնենք՝ Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 4-ին հակասահմանադրական էր ճանաչել նախկին նախագահի դիմումում վիճարկվող երկու հոդվածներից մեկը՝ Քրեական դատավարության մասին օրենսգրքի 35-րդ հոդվածը, որն առնչվում է քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքներին։
Մասնավորապես, Սահմանադրական դատարանն արձանագրել էր, որ Քրդատ օրենսգրքի 35-րդ հոդվածում առկա է օրենսդրական բաց` բացակայում է այն իրավական հիմքը, որով Սահմանադրության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց նկատմամբ չի իրականացվի քրեական հետապնդում, և քրեական գործի վարույթը կկարճվի բոլոր այն դեպքերում, երբ իրավասու մարմինը պատշաճ իրավական ընթացակարգի արդյունքում կպարզի նրանց գործառութային անձեռնմխելիության առկայությունը: Իսկ գործառութային անձեռնմխելիության առկայությունը յուրաքանչյուր դեպքում պետք է հաստատվի կամ հերքվի քրեական վարույթն իրականացնող իրավասու մարմնի կողմից պարզված, այդ թվում՝ անձին ներկայացված մեղադրանքի հիմքում դրված փաստերի համակցությամբ: