09/09/2019 15:42
«Թող միլիցեքը պատրաստվեն ճակատամարտի». Հայկ Բարսեղյանն՝ Ամուլսարի ապաշրջափակման մասին (Տեսանյութ)
«SOS» ծրագրի հեղինակ Հայկ Բարսեղյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, թե պատրաստվում է գնալ Ամուլսար և շրջափակել հանքավայր տանող ճանապարհը՝ նույնը կոչ անելով նաև մյուս մտահոգ քաղաքացիներին։
«Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում խնդրեց Ջերմուկի բնակիչներից ապաշրջափակել Ամուլսարի հանքավայր տանող բոլոր ճանապարհները։ Խոսքս ուղղում եմ այն մարդկանց, ովքեր սրտացավ են այս թեմայի շուրջ։ Ամուլսարը չի պատկանում Ջերմուկի ժողովրդին, Ամուլսարը պատկանում է ցանկացած հայի, ով համարում է, որ Հայաստանի բնությունն ու լեռնաշխարհն իրենն է։ Դա նշանակում է, որ մենք՝ որպես սրտացավ մարդիկ, պետք է թողնենք մեր անելիքը և գնանք Ամուլսար, որպեսզի շարունակենք շրջափակած պահել Ամուլսարի տարածքը և Նիկոլին բացատրենք, որ Ամուլսարը չի պատկանում ջերմուկցուն կամ գարհայքցուն, այն բոլորիս է պատկանում», - ասաց նա։
Հայկ Բարսեղյանն ուղիղ եթերի հետևորդներին առաջարկեց մեթոդներ գտնել, որոնցով հնարավոր կլինի գումար հայթայթել, որպեսզի լուծեն Ամուլսարը շրջափակման մեջ պահողների սննդի խնդիրը։
«Եթե մինչև այս ջերմուկցիներն են պաշտպանել Ամուլսարի տարածքը, սրանից հետո պաշտպանելու ենք մենք։ Ես պատրաստ եմ ամեն ինչ թողնել և գնալ Ամուլսար։ Թող միլիցեքը պատրաստվեն ճակատամարտի», - նշեց Հայկ Բարսեղյանը։