09/09/2019 13:15
Ամուլսարի հանքի շինարարական աշխատանքներին պետք չէ խոչընդոտել. Թունյան (Տեսանյութ)
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը պնդում է, որ այս պահին չկան իրավական հիմքեր Ամուլսարի հանքի շահագործման աշխատանքներին խոչընդոտելու համար:
«Այս պահին որոշումը հետևյան է՝ հանքի շինարարական աշխատանքներին պետք չէ խոչընդոտել, ինչը նորմալ է: Ես ի սկզբանե այդ տեսակետին եմ եղել և ասում եմ, որ եթե պետք է այդ հանքը փակվեր, դրա համար պետք է լինեին իրավական հիմքեր: Հիմա ես լսեցի, որ այդ պահին իրավական հիմքեր չկան: Եթե մի տարվա ընթացքում լրացուցիչ հիմքեր առաջ կգան, որը թույլ կտա փակել, այդ ժամանակ արդեն նշանակում է որոշակի գործողություններ կլինեն», - ասաց Թունյանն այսօր լրագրողներին:
Դիտարկմանը, թե վարչապետը նշել է, որ բնապահպանության տեսչական մարմինը ստուգումներ կիրականացնի, արդյոք դա նշանակու՞մ է, որ «Էլարդ»-ի եզրակացության նկատմամաբ անվստահություն կա, Թունյանն ասաց, որ «Էլարդ»-ի եզրակացությունը տվել է լրացուցիչ գործիքներ, որպեսզի կառավարությունը դրանց վրա ուշադրություն դարձնի՝ առաջարկելով լրացուցիչ մեղմման միջոցներ:
«Կան մեթոդական, զուտ գիտական տարաձայնություններ, մասնագետները պետք է դրա վերաբերյալ կարծիք հայտնեն: Այս մեկ տարին բավականին ժամանակ է, որպեսզի բոլոր կասկածելի հարցերի պատասխանները տրվեն: Պետք չէ շատ ֆորմալացնել ամեն ինչ: Կստուգեն, եթե ինչ-որ կասկածելի բան լինի, համոզված եմ, որ կառավարությունը չի գնա ՀՀ բնությունն աղտոտելու ճանապարհով», - ասաց Թունյանը:
Նոր ՇՄԱԳ-ի մասին խոսելով՝ պատգամավորն ասաց, որ նորն անցկացնելու համար պետք է չեղյալ համարել նախկինի արդյունքները, որի համար իրավական հիմքեր չկան:
Հիշեցնենք՝ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ որևէ իրավական հիմք չկա, որ հանքի շահագործումը արգելվի՝ խնդրելով ապաշրջափակել հանք տանող բոլոր ճանապարհները: