10/09/2019 13:03
Էդգար Առաքելյանը մանդատից հրաժարվել է, որովհետև զգացել է, որ զղջալու առիթներ հետագայում շատ են լինելու
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել, որովհետև զգացել է, որ զղջալու առիթներ հետագայում շատ են լինելու:
«Կա գործընթաց, դու քեզ գործընթացում տարբեր իրավիճակներում տեսնում ես և հասկանում, որ այդ ամենը տանում է մի տեղ, որտեղ բազմաթիվ զղջալու առիթներին են լինում, որ ավելի վաղ չես կայացրել այդ որոշումը: Օրինակ, չես կարողանում թեթև վերաբերվել այն հարցերին, որոնք ծանր կտանեի մինչև պատգամավոր դառնալը: Չես կարող ցինիզմով վերաբերվել ու ասել՝ լավ, կանցնի կգնա», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Առաքելյանը:
Նա նկատեց, որ քաղաքական թիմը կայացնում է որոշումներ և պարբերաբար կարող է ունենալ տարաձայնություններ, իսկ ինքը չի ցանկանում անընդհատ ունենալ տարաձայնություններ, քանի որ դրանց հետևանքները մեղմ ասած դրական չեն լինում:
«Անընդհատ պատասխանատվություն կրել որոշումների համար, որոնց հետ համաձայն չես... եթե սա տևական ժամանակ է լինում, դա հոգեկան տառապանքների է մարդուն բերում: Ես չեմ չափազանցնում: Ես շատ ծանր ապրումներ եմ ունեցել: Ես չեմ կարողանում թեթև նայել», - ասաց նա:
Պատգամավորի խոսքով՝ մանդատը վերցնելիս վստահ է եղել, որ կկարողանա իրականցնել այն առաքելությունը, որի համար գալիս է:
«Առաքելության մարդիկ գնում են վառվռուն աչքերով, գնում են կոմֆորտ զգալու, դժբախտ սրտով առաքելության չեն գնում, իսկ ես ինձ բռնացրել եմ այն մտքի վրա, որ ես տևական ժամանակ դժբախտ սրտով եմ այդ առաքելությունն անում: Պարոն Կարապետյանն ասել է, որ սա փախուստ է, այո, սա մեծ հաշվով փախուստ է», - նշեց Առաքելյանը:
Ապագա անելիքների մասին խոսելով էլ նշեց. «IT ոլորտում ավելի շատ բան ունեմ անելու, որովհետև այստեղ ինչ անեմ, անելու եմ վառվռուն աչքերով և երջանիկ սրտով, ոչ թե դժբախտ սրտով»:
Առաքելյանը նաև հերքեց տեղեկություններն այն մասին, որ ինքն ու Արման Բաբաջանյանը ցանկացել են դուրս գալ խմբակցություններից ու անկախ պատգամավորների խումբ ստեղծել:
«Ավելի անհեթեթե և հիմար բան մարդիկ չէին կարող մտածել», - հավելեց նա: