10/09/2019 14:02
«Սանիտեքը» փորձում է իր խնդիրները բարդել քաղաքապետարանի վրա. Հայկ Մարության
«Սանիտեք» ընկերությունում աշխատավարձեր չվճարելը պարբերական բնույթ է կրում։ Քաղաքապետարանի առջև ընկերության աշխատակիցների ակցիան, ըստ իս, ուղղորդված միջոցառում է, լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
«Երևի «Սանիտեքը» փորձում է իր խնդիրները բարդել քաղաքապետարանի վրա։ Մենք մշտապես հորդորել ենք վճարել աշխատակիցների գումարները։ Այս անգամ նույնպես միայնակ չենք թողնի աշխատակիցներին, իրավաբանական օգնություն կցուցաբերենք, ինչով կարող ենք, կօգնենք։ Միաժամանակ, մենք մասնավոր ընկերության խնդիրների համար պատասխանատու չենք», - ասաց Երևանի քաղաքապետը։
Հայկ Մարությանը հայտարարեց, որ մայրաքաղաքի սանմաքրման ծառայությունն այս պահին ակտիվորեն համալրում է իր շարքերը, աշխատանքի ընդունվել ցանկացող անձինք կարող են մոտենալ, հարցազրույցի մասնակցել և անցնել աշխատանքի։
Քաղաքապետը նաև հավաստիացրեց, որ Երևանի քաղաքապետարանը պատշաճ կարգով փոխանցել է «Սանիտեքի» հասանելիք 3 միլիարդ դրամից քիչ ավելի գումարը՝ բացառությամբ 9 տոկոս տուգանքները։