10/09/2019 12:40
«Սանիթեք»-ի աշխատողները պնդում են՝ քաղաքապետարանը օգոստոսի աշխատավարձը չի փոխանցել (Տեսանյութ)
«Սանիթեք» ընկերության աշխատակիցները բողոքի ակցիա են անում Երևանի քաղաքապետարանի դիմաց։
Աշխատակիցները պնդում են՝ քաղաքապետարանը հրաժարվել է ընդունել օգոստոս ամսվա հաշիվ-ապրանքագրերն ու կատարողականները:
«Օգոստոս ամսվա աշխատավարձը չի փոխանցվել, մեր ղեկավարությունը մեզ տեղյակ է պահել, որ քաղաքապետարանից փոխանցում չի եղել», - ասաց աշխատակիցներից մեկը։
Բողոքի ակցիա իրականացնող աշխատակիցներին մոտեցավ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը։ Նա նշեց, թե քաղաքապետարանը 5 միլիարդ 200 միլիոնից 250 միլիոնը չի տվել։
«Մի քանի օր առաջ «Սանիթեքն» ասում էր, որ դա մեր վառելիքի գումարն է, այսօր դարձավ արդեն աշխատավարձի գումարը», - ասաց նա։
Ավագանու անդամի խոսքով՝ սա «Սանիթեքի» հերթական սաբոտաժն է Հայաստանին։