10/09/2019 14:38
Երևանում տրանսպորտային կոլլապսը վերացնելու համար անհրաժեշտ է շուրջ 800 ավտոբուս. քաղաքապետ
«Սանիտեք» ընկերության հետ պայմանագրի լուծարման իրավական գործընթաց է գնում։ Մենք այնքան ճիշտ և հստակ գործողություններով ենք առաջ գնացել, որ ընդհանրապես մտավախություն չունենք, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
«Մենք մեր բոլոր քայլերը շատ երկար ենք մտածել, բոլոր քայլերը շատ կշռադատված են։ Նորմալ գնում ենք առաջ»,- ասաց նա։
Քաղաքապետը խոստացավ՝ ինքն այժմ աղբահանության այնպիսի համակարգ է կառուցում, որ ով էլ հետագայում Երևանի քաղաքապետը լինի, այս խնդիրը երևանցիների հետ որևէ առնչություն չունենա։
«Մոտակա ամսում կտրուկ լավացում է լինելու։ Մենք հարցը կոմպլեքս ենք լուծելու։ Սկսել ենք աղբի տեսակավորում։ Այս պահին մայրաքաղաքում աշխատում է աղբահավաք 26 մեքենա, ևս 8-ը հասել են տեղ, 3 օրից դրանք ևս կմիանան աշխատանքներին», - ասաց նա։
Անդրադառնալով իր հնարավոր հրաժարականին՝ Հայկ Մարությանը հերքեց նմանօրինակ լուրերը։
«Ինչի՞ մասին է խոսքը։ Մենք նոր ենք սկսել։ Մեր մանկապարտեզներից 6500 ք/մ հետ ենք բերել համայնքին, մենք 2 միլիարդ դրամով մեծացրել ենք բյուջեն, մենք հետ ենք բերում այգիները, վերանայում ենք բոլոր անօրինական տենդերներն ու սեփականաշնորհումները, մեծ կառուցապատում ենք սկսում։ Մենք մեծ պլաններ ունենք։ Ի՞նչ հրաժարականի մասին է խոսքը։ Ինչո՞ւ հրաժարական տամ. որ էլ մանկապարտեզների տարածքները հետ չբերե՞մ», - հարց ուղղեց Հայկ Մարությանը։
Խոսելով հասարակական տրանսպորտի խնդրի մասին՝ Հայկ Մարությանը խոստացավ առաջիկա երկու տարվա ընթացքում լուծել այն։ Նրա հավաստմամբ՝ Երևանում տրանսպորտային կոլլապսը վերացնելու համար անհրաժեշտ է շուրջ 800 ավտոբուս։
Ինչ վերաբերում է տրանսպորտի սակագնին, քաղաքապետի համոզմամբ պետք է ամեն ինչ անել, որ այն ցածր լինի։