10/09/2019 19:38
Լավ կլինի՝ վիճակագրական թվերով զբաղվեն կոմպետենտ մարդիկ. Փորձագետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 9-ին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում խոսվում է սպառողական գների մասին: Վարչապետի հավաստմամբ, գնաճը պահպանվում է ցածր, կառավարելի մակարդակում, ինչը պայմանավորված է հայկական արժույթի նկատմամբ վստահության աճով:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև երկրում դոլարիզացիայի մակարդակին՝ որպես վերջինիս նվազումն արձանագրող փաստ մատնանշելով բանկերում պահվող դրամով ավանդների գերազանցությունը: Հարցի շուրջ զրուցել ենք «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանի հետ:
«Վարչապետը հաճախ է սկսել վիճակագրական տվյալներ ներկայացնել, և մեծամասամբ՝ ընտրելով դրանցից դրականները: Բայց նույնիսկ դրական վիճակագրական ցուցանիշի պարագայում կարծիք կազմելու, եզրակացությունների հանգելու համար անհրաժեշտ են ուսումնասիրություններ. ո՞րն է ցուցանիշի էությունը, ի՞նչ ժամանակահատվածի համեմատ է ներկայացված աճը, իրականում ի՞նչ գործոնների արդյունքում է գրանցվել աճը և այլն: Խոսենք կոնկրետ գնաճի մասին:
Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների, 2019թ. առաջին կիսամյակին գնաճը կազմել է 1.9 տոկոս: Նախևառաջ, ուզում եմ հիշեցնել, որ աճի այս ցուցանիշն 2018թ.-ի համեմատություն է, երբ գների միջին ցուցանիշն արդեն իսկ ավելացած էր 2,5 %-ով: Ընդ որում, շատ խոսուն է ըստ ապրանքատեսակների գների աճի մակարդակը: Օրինակ, սննդամթերքի աճը 2019թ. հուլիսին նախորդ տարվա հուլիսի համեմատ կազմել է 2.8%, այդ թվում՝ հացը թանկացել է 5.5 %-ով, ձուն՝ գրեթե 40%-ով, միսը՝ 3%-ով, կարտոֆիլը՝ 75 %-ով, թռչնամիսը՝ գրեթե 14 %-ով, բանջարեղենի գներն աճել են 11,7%-ով:
Առաջնային սպառման մթերքի շուկայում 3,5%-ով նվազել է միայն կարագի գինը: Կարծում եմ` գնաճի բացված ցուցանիշն ավելի խոսուն է և յուրաքանչյուրիս առօրյային՝ ավելի մոտ»,- նշեց փորձագետը:
Մեր այն հարցին, թե որքանով է գնաճը կառավարելի, փորձագետը նշեց, որ տասը տարուց ավելի Կենտրոնական բանկը վարում է գնաճի զսպման քաղաքականություն, ինչն, ըստ էության, մեր տնտեսության համար բավական հաջողված դրամավարկային քաղաքականություն է:
Վարչապետի նշված գրառման մեջ դրամի նկատմամբ վստահության մեծացման և դոլարիզացիայի մակարդակի նվազման առչությամբ Լ. Ամիրխանյանը նշեց. «Վարչապետը դրամի նկատմամբ վստահությունը պայմանավորում է բանկերում ավելի շատ դրամով ավանդների փաստով, մինչդեռ ավանդները դրամով են, քանի որ դոլարով ավանդները ցածր տոկոսադրույքով են, բայցի այդ, դրամային ավանդների երաշխիքի շեմն է ավելի բարձր:
Մյուս կողմից, ավելի շատ առկա է դոլարի նկատմամբ վստահության նվազում՝ հաշիվ առնելով վերջին տարիներին դոլարի փոխարժեքի գրանցած կտրուկ անկումը: Իսկ դոլարիզացիայի մակարդակի աննշան տատանումները բազային փոփոխություն չեն կարող առաջացնել, քանի որ մեր արտաքին առևտուրն իրականացվում է դոլարային վճարամիջոցով: Ամբողջ խնդիրը ոչ թե բերված թվերի, այլ դրանց մեկնաբանությունների մեջ է: Իրականությունից չկտրվելու համար, լավ կլինի, վիճակագրական թվերով զբաղվեն կոմպետենտ մարդիկ»,- ամփոփեց փորձագետը: