11/09/2019 12:16
Մոնումենտի հայտնի առանձնատներից մեկի համար դրա սեփականատերը կարող է վճարել 8 անգամ ավելի հարկ՝ 2 մլրդից ավելի դրամ. Սարհատ Պետրոսյան
Այսօր Ազգային ժողովում անշարժ գույքի ոլորտին առնչվող կառավարության ներկայացրած նախագծի քննարկման ժամանակ ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Կոնջորյանը նկատեց, որ նախկին բարձրաստիճան շատ պաշտոնյաներ ժամանակին Երևանում կառուցել են թանկարժեք առանձնատներ և դրա դիմաց վճարել շատ քիչ գույքահարկ։
«Արդյոք ունեք տվյալներ, որ այդ շքեղ առանձնատների պարագայում տարեկան ինչքա՞ն գույքահարկ չի վճարվել պետական բյուջե։ Նոր կարգի ներդրման պարագայում որքա՞ն կավելանան բյուջեի մուտքերը», - հետաքրքրվեց Կոնջորյանը։
Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանը ի պատասխան ասաց, որ հարկերը չեն ուղղվում պետական բյուջե, այլ՝ համայնքային բյուջե։
«Ինչ վերաբերում է կոնկրետ գույքերին, ես ունեմ մի տվյալ. օրինակ՝ Ազատության պողոտայի (Մոնումենտի) շատ թանկարժեք գույքերից մեկի տվյալը՝ այս պահին այդ գույքը զբաղեցնում է 8 960 քմ տարածք հող, որի կադաստրային արժեքը կազմում է 17 մլն դրամ 754 դրամ, իսկ շինության արժեքը՝ 330 մլն դրամ, այսինքն՝ մոտավորապես 347 մլն դրամ ենք դրա կադաստրային արժեքը գնահատել։ Մեր կողմից առաջարկվող փոփոխությունից հետո այս գույքի կադաստրային արժեքը կազմելու է 2 մլրդ 840 հազար դրամ։ Այսինքն՝ մենք թանկանոց գույքի դեպքում 8 անգամ ավելացում ենք ունեցել։ Ես կարծում եմ՝ նման թանկանոց գույք ունեցողները այս նախագծի ընդունումից հետո զգալու են այդ փոփոխությունը շատ էականորեն, քան տատիկները», - օրինագծի էությունը պատկերավոր ներկայացրեց Պետրոսյանը։
Հիշեցնենք՝ «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի նախագծով կառավարությունը պարզեցնում է հարկման ընթացակարգերը, ինչպես նաև սահմանում անշարժ գույքի գնահատման նոր չափորոշիչներ, որոնք մոտ կլինեն գույքի շուկայական արժեքին։