11/09/2019 20:26
Զարմանում եմ, թե ինչու վարչապետը տվեց պատասխան, որը հակասում է պաշտոնական տեղեկատվությանը. Տիգրան Ուրիխանյան
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանն այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում հարց հնչեցրեց վարչապետին, որը վերաբերում է ավելի վաղ վարչապետի հայտարարած 50 հազար աշխատատեղերի բացահայտմանը։
«Ինչո՞ւ այդ բացահայտված յուրաքանչյուր աշխատատեղի համաչափ հազարական դրամ, այսինքն 50 և ավելի մլն դրամ յուրաքանչյուր ամիս չի փոխանցվում 1000 դրամների հիմնադրամին», - հարց հնչեցրեց Տիգրան Ուրիխանյանը։
«2019 թվականի հունվար-հունիս ամիսներին Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին իրականացրած պարտադիր վճարումները 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը գերազանցել են 347.8 մլն դրամով կամ 9.6 տոկոսով, այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այս աճը պայմանավորված է վարձու աշխատողների թվաքանակի ավելացմամբ։
Ավելի ուշ Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Տիգրան Ուրիխանյանն ասաց, թե չի կարողանում հասկանալ, թե ինչու վարչապետը տվեց պատասխան, որը հակասում է պաշտոնական պետական հիմնադրամ հանդիսացող պետական կայքում հրապարակված տեղեկատվությանը։
«Խոսքը 1000plus.am կայքի մասին է, որտեղ հաշվետվությունները հրապարակում է կայքի ադմինիստրացիան, որոնք հաստատվում են հոգաբարձուների խորհրդի նիստերով, որոնց տեղեկությունը տրամադրում է հիմնադրամի տնօրենը։ Իսկ դա հիմնվում է պետեկամուտների կոմիտեի փոխանցումների հիման վրա, կենտրոնական բանկի տրամադրած տվյալների հիման վրա։ Այդ կայքում նայելով համապատասխան ֆայլը, կտեսնենք, թե ինչ է տեղի ունենում։ Զարմանք եմ հայտնում, թե ինչու տրվեց այդպիսի պատասխան։ Ես ակնկալում էի, որ վարչապետը պետք է տեղում պատասխանատվության կանչեր նրանց, ովքեր տվել են սխալ տեղեկատվություն, և կամ թերացել են իրենց աշխատանում, կամ չեն փոխանցել արդեն մեկուկես տարվա կտրվածքով այդ 56 մլն դրամը յուրաքանչյուր ամիս զոհվածներին և տուժածներին համապատասխան հատուցումները կատարելու համար։ Զարմացած եմ և տարակուսած եմ», - ասաց Տիգրան Ուրիխանյանը։