12/09/2019 19:11
Փորձում են շոուի վերածել դատավարությունը՝ զոհերի, տուժողների ծնողներին բերելով. Լևոն Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի համար անհասկանալի է, թե ինչու դատարանը որոշեց վճիռը հրապարակել սեպտեմբերի 17-ին։
«Ճիշտն ասած՝ անհասականալի է, թե ինչու սեպտեմբերի 17-ին կարդա վճիռը»,- Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Լևոն Քոչարյանը։
Նա ընդգծեց, թե փորձում են շոուի վերածել դատավարությունը։
«Ինձ համար, կարծում եմ՝ շատերի համար էլ ակնհայտ է՝ փորձում են շոուի վերածել դատավարությունը՝ զոհերի, տուժողների իրավահաջորդներին, ծնողներին բերելով։ Նորից, փաստորեն, շարունակում են այն հուզական ֆոնը պահել, ինչը որ տասը տարի պահել են»,- ասաց նա։
Երկրորդ նախագահի որդին ասաց, թե ակնկալում է, որ դատարանը ի կատար կածի Սահմանադրական դատարանի որոշումն ու ազատ կարձակի Ռոբերտ Քոչարյանին։
Դիտարկմանը, թե եղել են նախադեպեր, երբ դատարանի դռներն են շրջափակել Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելուց հետո, այս պայմաններում արդարադատության ակնկալիքն ինչպիսի՞ն է, Լևոն Քոչարյանն արձագանքեց. «Հույս ունեմ՝ այդ ամենը չի ազդի դատավորի որոշման վրա»։
Նշենք, որ Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հեռացավ խորհրդակցական սենյակ։ Դատարանը Քոչարյանի պաշտպանական խմբի ներկայացրած խափանման միջոց կալանքը վերացնելու մասին միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակի սեպտեմբերի 17-ին՝ ժամը 13։00-ին։