12/09/2019 16:04
Ընդդիմադիր խմբակցություններին կվերապահվի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 5 անդամից 2-ին առաջադրելու իրավունք. Միրզոյան
Խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու և կից ներկայացրած նախագծերի փաթեթը:
Փաթեթի հեղինակ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցում կատարվել են փոփոխություններ՝ մասնավորապես թվարկելով 3 առաջարկ, որոնք կնպաստեն կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ավելի թափանցիկ և անկախ դարձնելուն:
«Ընդդիմադիր ֆրակցիաներին կվերապահվի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 5 անդամից 2-ին առաջադրելու իրավունք: Այսպես՝ կլինեն երկու ընդդիմադիր թեկնածու, մեկին կառաջադրի կառավարող ֆրակցիան, մեկին կառավարությունը, մեկին էլ ԲԴԽ-ն: Սա հնարավոր տարբերակ է, որ կառավարող քաղաքական ուժը որևէ վերահսկողություն չունենա ոչ միայն ընթացիկ գործունեության առումով, այլև կազմի ձևավորման հարցում: Սա չափազանց ժողովրդավարական առումով մեծ ձեռքբերում է»,- ասաց ԱԺ նախագահը:
Մյուս փոփոխությունը վերաբերում է հանձնաժողովում նախագահի թեկնածու առաջադրելուն: Առաջին ընթերցման ժամանակ այդ իրավունքը վերապահվել էր կառավարությանը, մինչդեռ երկրորդ ընթերցմամբ այս դրույթը փոփոխությունների է ենթարկվել.
«Նոր մշակված տարբերակով հանձնաժողովի 5 անդամներն իրենց կազմից կընտրեն նախագահ: Սա ևս կորված է մարմնի անկախության բարձրացնելուն», - ասաց նա:
Միրզոյանը նաև նշեց, որ խմբակցություններն իրենց առաջադրած և արդեն իսկ ընտրված անդամների հետկանչի հնարավորություն չեն ունենա:
«ԱԺ-ն նոր թեկնածու կարող է առաջադրել և ընտրել միայն տվյալ հանձնաժողովի անդամների ընդհանուր եզրակացության հիման վրա», - ասաց Միրզոյանը: