12/09/2019 15:26
Վազգեն Յակուբյանը ներկայացրել է ՀԲԸՄ նոր ծրագրերն ու առաքելությունն Արցախում
Սեպտեմբերի 4-ին Արցախի հանրային հ/ը եթերում ՀԲԸՄ Հայաստանի նախագահ, Կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանը ներկայացրել է կազմակերպության նոր ծրագրերն ու առաքելությունն Արցախում.
«Թե՛ խորհրդային շրջանում, թե ՛անկախությունից ի վեր ՀԲԸՄ-ն Հայաստանում ու Արցախում իրականացրել է բազմաթիվ կարեւոր ծրագրեր` հիմնական չորս ուղղություններով. կրթական, մշակութային, մարդասիրական եւ սոցիալ-տնտեսական», - ասել է նա։
Նա նշել է, որ 2014-ի նոյեմբերին Մայամիում (ԱՄՆ) ՀԲԸՄ հովանու ներքո` ՀՀ եւ Արցախի կառավարությունների, սփյուռքի կառույցների, Հայ Առաքելական Եկեղեցու մասնակցությամբ որոշում կայացրեցինք Մայր Հայրենիքում ծրագրերի ռազմավարական ուղղությունների վերաբերյալ։ 2015-ին բացվեց ՀԲԸՄ Հայաստանի կենտրոնատեղին Երեւանում։
Յակուբյանի խոսքով՝ ՀԲԸՄ ծրագրերը թելադրված են այն փիլիսոփայությամբ, որ Արցախի հզորությունն ու կայունությունը հսկայական կարեւորություն ունի բոլորիս, համայն հայության համար՝ հավելելով, որ իրենք կարևորում են մարդկանց բարեկեցիկ կյանքը, նրանց կապվածությունը Արցախի հողին եւ իրենց ծրագրերն իրականացնում են այդ տեսլականից ելնելով։
«ՀԲԸՄ ծրագրերն Արցախում բազմաթիվ են ու բազմապիսի, ինչպես օրինակ.
Արցախի Կամերային նվագախմբի միակ աջակիցն ենք եւ հպարտ ենք նրանց հաջողություններով հայրենիքում ու արտերկրում։
Իրականացվել է ՆՈՒՌ (Նոր ուսումնական ռազմավարություն) ծրագիրը, որի շրջանակներում «Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամի հետ համատեղ մոտ 10.000 համակարգիչ նվիրեցինք Արցախի դպրոցականներին ու վերապատրաստեցինք նրանց ուսուցիչներին։
Մինչեւ 2018 թ.նոյեմբեր ամիսը Արցախում հնգամյա ծրագիր ենք իրականացրել Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ` շարունակական կրթության տարբեր ոլորտներում։
Հիմնադրումից ի վեր ամբողջովին իրականացնում ենք Ստեփանակերտի ԹՈՒՄՈxՀԲԸՄ կենտրոնի ֆինանսավորումն ու աջակցությունը, եւ այլն։ Հիմնադրվել է «ՀԲԸՄ-ն հանուն Արցախի» հիմնադրամը, որի շրջանակներում իրականացնում ենք բազմաթիվ ծրագրեր, ինչպես օրինակ` «Սովորի՛ր եւ վաստակի՛ր» ծրագիրը։ Այն ներառում է անգլերենի դասընթացներ աշակերտների համար, ձեռնարկատիրության, զբոսաշրջության մենեջմենթի դասընթացներ եւ այլն։
Իրականացնում ենք Արցախի պետական ծառայողների մասնագիտական կարողությունները զարգացնելու ծրագրեր։
Հունիս ամսից ի վեր մեկնարկել է ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ծրագիրը Արցախում», - նշել է նա: