12/09/2019 11:24
«Սա մի օրենք է, որը հեղափոխությունից առաջ չէր կարող ընդունվել». Բարձրարժեք գույքի հարկը բարձրացնելու մասին օրինագիծն ընդունվեց
Այսօր Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց բարձրարժեք գույքի հարկը բարձրացնելուն ուղղված «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի նախագիծը։ Այն ընդունվեց 92 կողմ, 15 դեմ, 2 ձեռնպահ ձայներով։
Վարման կարգով ելույթի իրավունք խնդրելով՝ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենց խմբակցության անդամները դեմ են այս օրինագծին, բայց հետագա շահարկումներից խուսափելու համար կողմ կքվեարկեն։
«Տնտեսական հարցերի հանձնաժողովում մեր պատգամավորները քվեարկել են դեմ և ճիշտ են արել, որովհետև օրենքը բացարձակապես թերի է։ Այն լուծում է ընդամենը թիրախային խնդիրներ։ Այդուհանդերձ խմբակցությունում քննարկելով հարցը և հասկանալով, որ այն կարող է տարատեսակ շահարկումների առիթ տալ, և մեզ համար արդեն ենթադրելի են այն հնարավոր շահարկումները, որոնք կարող են լինել։ «Բարգավաճ Հայաստանը» քվեարկում է կողմ։ Ընդամենը, հարգելի հայրենակիցներ, Երևանում բիզնես ունեցող անձինք, ուզում եմ տեղեկացնել ձեզ, որ այս օրենքի հնարավոր բոլոր բացասական հետևանքների համար քաղաքական պատասխանատվություն կրելու է քաղաքական մեծամասնությունը», - հայտարարեց Զոհրաբյանը։
Շահարկում ասելով պատգամավորը, թերևս, նկատի ուներ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող գույքը, որոնք շատ են ու բարձրարժեք։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը առաջարկեց հետաձգել օրենքի ընդունումը, ճշգրտել՝ արդյոք այն հակասություններ ունի ՀՀ Սահմանադրության հետ, խմբագրումներ կատարել և հետո միայն ընդունել այն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր ընդունվելու դեպքում օրենքը ուժի մեջ է մտնելու 2021 թվականին։
«Ունենք հնարավորություն հանգիստ ռեժիմով քննարկել օրենքը», - հայտարարեց Թանդիլյանը։
Արձագանքելով ընդդիմադիր պատգամավորին՝ «Իմ քայլի» պատգամավոր Բաբկեն Թունյանն ասաց, որ մինչև 2-րդ ընթերցում ընկած ժամանակահատվածը կարելի է ճշտել՝ արդյոք կան հակասություններ Սահմանադրության հետ։
«Եթե կլինի շտկելու կարիք, կշտկենք։ Ինչ վերաբերում է օրենքի բովանդակությանը, ապա կարող եմ ասել՝ շատ լավ օրենք է ու այս օրենքից անհանգստանալու կարիք ունեն միայն գույքի խոշոր սեփականատերերը, որոնք այս պահին արդարացի մակարդակից քիչ են հարկվում ու դրա համար այս օրենքը չէր կարող մինչև հեղափոխությունը ընդունվեր», - հայտարարեց Թունյանը։
Ավելի վաղ Aysor.am-ը ներկայացրել էր օրինագծի բովանդակությունը։ Դրա համաձայն, կառավարությունը նպատակ ունի պարզեցնել հարկման ընթացակարգերը, ինչպես նաև փորձելու են շուկայականին մոտարկված ձևով ունենալ կադաստրային գնահատման համակարգ, որը կարող է օգտագործվել անշարժ գույքի ոլորտում հարկման ու օտարման դեպքերում։
Բացի այդ, նոր քաղաքականության արդյունքում արդեն մեծ քանակի գույքահարկ կսկսեն վճարել Երևանում հսկայական առանձնատներ ունեցող հիմնականում նախկին պաշտոնյաները։