13/09/2019 19:00
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ֆրանսիայից ժամանած ուխտավորներին
Սեպտեմբերի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Ֆրանսիայի հայոց թեմի ուխտավորներին՝ առաջնորդությամբ Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի: Թեմի տարբեր համայնքներ ներկայացնող ուխտավորները ժամանել են Սուրբ Էջմիածին թեմի առաջնորդական ընդհանուր փոխանորդ Հոգեշնորհ Տ.Գրիգոր աբեղա Խաչատրյանի վարդապետական թեզի պաշտպանության առիթով:
Վահան Սրբազանը ուխտավորների անունից ուրախություն է հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հյուրընկալության և հայրական օրհնության համար` գնահատանքով անդրադառնալով նաև Հայր Գրիգորի հոգևոր ծառայությանը:
Վեհափառ Հայրապետն, իր օրհնությունը փոխանցելով ուխտավորներին, գոհունակությամբ նշել է, որ հաճելի է տեսնել այն հոգևոր ամուր կապը, որ ձևավորվել է եկեղեցականի և նրա համայնքայինների միջև: Շնորհավորելով Հայր Սուրբին վարդապետական թեզի պաշտպանության առիթով՝ Նորին Սրբությունն անդրադարձե լէ Եկեղեցու կյանքում վարդապետաց դասի կարևոր առաքելությանն ու դերակատարությանը:
Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը փոխանցել էհայորդիներին եկեղեցական կյանքում նրանց կարևոր ներգրավվածության համար: Նորին Սրբությունն անդրադարձելէ Ֆրանսիայի հայոց թեմի գործունեությանը և Սփյուռքի առջև ծառացող մարտահրավերներին` ընդգծելով, որ փորձություններին հնարավոր է դիմակայել համայնքների համախմբվածության և հզոր հավատքի շնորհիվ:
Հայոց Հայրապետը պատգամել է փարված մնալ նախնյաց սուրբ հավատքին և հավատարիմ ազգային ինքնությանը շարունակել գործուն մասնակցությունը ազգային-եկեղեցական կյանքում:
Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթել է, որ Տերը պահապան լինի Ֆրանսիայի թեմի հոգևոր դասին և զորացնի ֆրանսահայ համայնքին իր հավատքի մեջ: