13/09/2019 16:40
Բագրատյան. Արմեն Սարգսյան, դու երբևիցե Ամուլսարի բաժնետոմսեր ունեցե՞լ ես, որ ունեցել ես, վաճառե՞լ ես
«Հայելու առաջ» հաղորդման ընթացքում Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն անդրադառնալով Ամուլսարի խնդրին և դրա հետ նախագահ Արմեն Սարգսյանի հնարավոր առնչությանն՝ ասել է, որ որպես հասարակական-քաղաքական գործիչ պաշտոնապես իրեն հետաքրքրում է, թե Արմեն Սարգսյանն ինչ կապ ունի «Լիդիան Արմենիա» ընկերության հետ։
«Ես պաշտոնապես հարցում եմ անում և՛ իրեն, և՛ Նիկոլ Փաշինյանին՝ Արմեն Սարգսյան, դու երբևիցե Ամուլսարի բաժնետոմսեր ունեցե՞լ ես։ Երկրորդ՝ դու այդ բաժնետոմսերը, որ ունեցել ես, վաճառե՞լ ես։ Նիկոլ Փաշինյան, էս բաները դու ինքդ ռազբոռկա արա, նոր ժողովրդին ասա, որ քիչ թե շատ մենք հավատանք, որ դու այդտեղ հանդես ես գալիս որպես վարչապետ, որպես հօգուտ հանքի արդյունաբերական շահագործմանը», - ասել է Բագրատյանը։
Բագրատյանի պնդմամբ՝ այսօրվա նախագահն Ամուլսարի մասով գործողությունները սկսել է 2010-2011 թվականներից։ Խոսելով Արմեն Սարգսյանի մասին՝ Բագրատյանը վերջինիս բնութագրել է որպես «շատ խորամանկ մարդ, իսկական «աչքի սուրմա թռցնող», միկիտան Սաքո»։ Բագրատյանը, վկայակոչելով «Երևան, իմ սեր» հիմնադրամը, ասել է, որ դա արքայազն Չարլզի կողմից ստեղծված փողերի լվացման մեխանիզմներից է, որի հայաստանյան տեղապահն Արմեն Սարգսյանն է։
Խոսելով Ամուլսարի շահագործման թույլտվության համար արված փորձագիտական եզրակացությունների մասին՝ Բագրատյանն ասել է, որ նախ պետք է հրապարակվեր «Լիդիան Արմենիա» ընկերության հետ պայմանագրի շրջակա միջավայրին վերաբերող հատվածը։
«Ինչու է սա կարևոր, որովհետև շրջակա միջավայրի հատված մենք չենք կարող ունենալ, մենք չունենք ոսկու հանքերը շահագործելու հստակ նորմատիվներ։ Եթե կառավարությունում կար մեկ կոպեկի գիտակցություն մինչև ՇՄԱԳ անելը, կառավարությունը պետք է ասեր, իսկ շրջակա միջավայրի մեր պահանջները որոնք են։ Եթե չկան, բերեք ֆիքսենք, դա կոչվում է տեխնիկական նորմատիվ կամ տեխնիկական պայման կամ կարող է լինել ստանդարտի ձևով, չնայած որ, ստանդարտները 2005 թվականի Սահմանադրությամբ հանված են։ Կարող էին լինել ճյուղային տեխնիկական պայմաններ կամ ճյուղային ստանդարտների տեսքով։ Խոսելու և 400 հազար դոլար վարի տալու տեղը սա պետք է պառլամենտն աներ։ Երբ տալիս ես փորձաքննության, այն ասում է, որ աղտոտվածությունն այսքան է, բայց դու չգիտես այդքանը քեզ համար ընդունելի է, թե՞ ոչ, ո՞րն է այն պայմանը, որ դու համաձայն ես, որ շահագործվի»,- ասել է Բագրատյանը։
Վերջինս հավելել է, որ շահագործման որոշմանը գնալուց առաջ պետք էր համադրել տրված եզրակցություններն ազգային ստանդարտների հետ և եթե դրանք ստանդարտներից լավը լինեին, ապա կարելի էր շահագործել, մինչդեռ այս պահի դրությամբ շահագործման ոչ մի հիմք չկա։