13/09/2019 16:06
Բագրատյան. Կառավարությունը չի տալիս երկրից մեկնածների, աղքատների ու ներդրումների մասին թվերը
Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, «Հայելու առաջ» հաղորդման ընթացքում անդրադառնալով իր այն հայտարարությանը, որ Հայաստանը լքել է 55 հազար մարդ, ասել է, որ կառավարությունն այս թվերը չի հրապարակում և դրանք ներքին կարգով ձեռք բերված տեղեկություններ են։
«Մենք ունենք մի թիվ. մինչև Փաշինյանի կառավարությունը ԱՎԿ-ն հրապարակում էր մի թիվ՝ մեկնողների և եկողների թվի տարբերությունը։ 2017 թվականին այդ թիվը կազմել է 23 հազար, 2012-ին՝ 9 հազար, 2016-ին՝ 21 հազար, այդ թիվն այլևս չեն հրապարակում։ Այնուամենայնիվ այդ թիվը կա, այդ թիվը մշակվում է ԱՎԿ-ում և մեզ հաջողվել է իմանալ այդ թիվը։ Այն 2018 թվականին կազմել է 18 հազար 500 մարդ։ Այսինքն՝ ճիշտ է 5 հազար մարդ պակաս մեկնեց, քան 2017 թվականին, բայց 9 հազար մարդ էլ ավել մեկնեց, քան 2012 թվականին։ Հիմա, այս տարի առաջին կիսամյակում մենք ունենք 50 հազար թիվ, իհարկե տարվա ընթացքում որոշ մասը հետ կգա։ Նկատի ունեցեք, որ այդ թվերից հանված չեն Հայաստան ժամանած հնդիկները, որոնք նստած են ակտիվում, բայց քանակը չգիտենք, չեն ասում, հաշվառում չկա, ընդհանրապես կառավարական մարմնի կազմակերպված աշխատանք գոյություն չունի», - հայտարարել է Բագրատյանը։
Հայաստանի նախկին վարչապետը մտահոգություն է հայտնել, որ այս թվերը հիմա փակ են և դրանց մասին տեղեկություններ հնարավոր է ձեռք բերել միայն ներքին կարգով՝ նայելով մեկնողների և ժամանողների թիվը Ռուսաստանում, Ուկրաինայում, Եվրոպական հիմնական երկրներում, Ղազախստանում և դրանով ստանում ենք Հայաստանի մասով թիվ։
«Այդ թվից բացի չեն տրվում թվեր աղքատության մակարդակի վերաբերյալ, ներդրումների թիվ չի տրվում ընդհանրապես։ Ներդրումները տալիս են զուտ ներհոսք կամ արտահոսք՝ այսինքն որքան է եկել և որքան է դուրս եկել։ Օրինակ, անցյալ տարի եկած ներդրումն այս տարվանից կարող է 3 անգամ ավել է, բայց մենք այլևս այդ թիվը չունենք, չեն հրապարակում։ Երբ միայն ներհոսքն են տալիս, ինքը գիտի, թե որքան է եկել ներդրումը և որքան է մարվել, ինքը տալիս է այն թիվը, որը ստացվում է այս երկուսն իրարից հանելով, բայց պետք է տալ այդ երկու թվերը։ Կամ գաղտնի է, մենք չենք կարող իմանալ Հայաստանում գրանցված ինչքան տնտեսվարող սուբյեկտ կա Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո։ Մենք իմանում ենք տարբերությունն՝ ընդ որում միավորի փոփոխությամբ միայն», - ասել է Բագրատյանը։
Ըստ նրա, սրանք խորամանկություններ են և կան ԱՎԿ-ի կողմից արվող այլ խորամանկություններ ևս, որոնք արվում են տնտեսության իրական պատկերը թաքցնելու համար։