13/09/2019 13:46
Սանկտ Պետերբուրգում ընթանում են Զարեհ Սինանյանի հերթական հանդիպումները
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Ռուսաստան կատարած այցի շրջանակներում հանդիպել է Սանկտ Պետերբուրգի միջազգային հարաբերությունների և միգրացիոն քաղաքականության իրականացման կոմիտեի նախագահ Օլեգ Կապիտոնովի հետ: Այս մասին հայտնում են հանձնակատարի գրասենյակից։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայկական սփյուռքի ներուժին, սփյուռքի հետ աշխատանքում Հայաստանի տեսլականին, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայիս վիճակին: Օլեգ Կապիտոնովը նշել է, որ տեղի համայնքն աչքի է ընկնում իր հյուրընկալությամբ, կազմակերպվածությամբ, ջերմ հարաբերություններով և խաղաղ համակեցությամբ:
Այնուհետև «Վերնատուն» մշակութային կենտրոնում Զարեհ Սինանյանն առաջին անգամ հանդիպում է ունեցել Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպումը վարել է համայնքի ղեկավար Կարեն Մկրտչյանը: Գլխավոր հանձնակատարը նախ ներկայացրել է գրասենյակի աշխատանքը, գործառույթները, սպասվող ծրագրերն ու առաջիկա անելիքները, նշել, որ կառույցը ստեղծվել է սփյուռքի հետ ավելի ակտիվ աշխատելու և քաղաքկաանություն մշակելու, համայնքներն ուժեղացնելու և ձուլման ընթացքը հնարավորինս դանդաղեցնելու համար:
«Սփյուռքը պետք է առավելագույնս ինտեգրված լինի հայաստանյան կյանքին: Սակայն միևնույն ժամանակ մեր հայրենակիցները նաև իրենց բնակության երկրների հասարակություններին պետք է լիարժեքորեն մասնակցեն՝ պահպանելով հայ ինքնությունը: Իհարկե, մեր վերջնական նպատակը հայրենադարձությունն է»,-նշել է Զարեհ Սինանյանը: Նա մանրամասն խոսել համահայկականության, հայաստանակենտրոն հայություն և երկիրը գրավիչ դարձնելու մասին:
«Նախքան ֆիզիկական հայրենադարձությունը՝ անհրաժեշտ է հոգեբանորեն հասնել հայրենադարձության: Այսօր ստեղծվում է այնպիսի Հայաստան, որտեղ ցանկացած սփյուռքահայ պետք է իմանա, որ ինքը տեղ ունի, կարող է աշխատանք գտնել, լավ կրթություն և առողջապահական ծառայություններ ստանալ, արարել, ստեղծել: Սփյուռքի կողմից միակողմանի օգնության տրամաբանությունն իրեն սպառել է: Այդ հարաբերությունները պետք է հիմնվեն նաև տնտեսական սկզբունքների վրա»,-ընդգծել է Գլխավոր հանձնակատարը:
Հայ համայնքի ակտիվիստ, ղեկավար խորհրդի անդամ Վահան Բաբախանյանը պրեզենտացիայով ներկայացրել է հայ համայնքի գործունեությունը, իրականացրած միջոցառումները, մշտական կապը Հայաստանի հետ:
Այնուհետև հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով: Հարցերի շրջանակն ընդգրկուն է եղել՝ սփյուռքի մասնագիտական ներուժի համախմբումից, մասնագիտական, երիտասարդական հավաքների կազմակերպումից, սփյուռքի քարտեզագրումից, համահայկական խորհրդատվական գաղափարի ստեղծումից մինչև տեղում ուսուցիչների վերապատրաստում իրականացնելու առաջարկներ, հայկական երաժշտական գործիքների պակաս, մայրենի լեզվի պահպանում, երկքաղաքացիություն: Ներկաները դժգոհություններ են ունեցելն գրքերի առաքման ծրագրից, առաջարկներ են հնչելն համայնքներում գրասենյակի ներկայացուցիչներ ունենալու վերաբերյալ:
Պետերբուրգի հայ բժիշկների ասոցացիայի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել օգնել Հայաստանի առողջապահական համակարգին, իրականացնել փոխանակման ծրագրեր և կատարել վիրահատություններ: Համայնքային ներկայացուցիչները մշտապես մասնակցում են Պետերբուրգի գործարար միջազգային ֆորումին, սակայն ցանկություն են հայտնել, որ Հայաստանից ևս մասնակիցներ լինեն:
Հանդիպումից հետո Գլխավոր հանձնակատարն այցելել է Կամսկի այգում տեղադրված Կոմիտասի հուշարձանին, ծաղիկներ խոնարհել, եղել Սուրբ Կատարինե եկեղեցում և կիրակնօրյա դպրոցում: