13/09/2019 18:42
«Եղբայր, հանգիստ, հանգիստ». Թեժ վիճաբանություն Ազգային ժողովում (տեսանյութ)
Այսօր Ազգային ժողովում աշխատանքային օրվա վերջում թեժ վիճաբանություն է առաջացել։ Առիթը եղել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը, որով պատգամավորն առաջարկում է բջջային հավելվածի միջոցով ներկայացնել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ։
«Կարճ ասած՝ հնարավորություն է տրվում տեսանկարահանել օնլայն ռեժիմով խախտումներ ու դա փոխանցել ճանապարհային ոստիկանություն։ Տեսանյութը ՃՈ-ին փոխանցած անձի տվյալները գաղտնի են պահվում և ՃՈ-ին խախտումը ներկայացնելուց հետո նրա գործն այդպիսով ավարտվում է», - իր հեղինակած նախաձեռնությունը ներկայացրեց Սիսակ Գաբրիելյանը։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների շրջանում ակնհայտորեն բողոքի ալիք բարձրացրեց նախագիծը, և նրանք տեղից սկսեցին դժգոհությամբ արձագանքել Գաբրիելյանի ելույթին։
ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցությունից Արթուր Դալլաքյանը նախագծի վերաբերյալ իր վրդովմունքն արտահայտեց ելույթում՝ այն համարելով «բարոյականությունից զուրկ» նախագիծ։
«Էս նախագիծը շատ վատն ա։ Ի՞նչ ենք ասում, ասում ենք՝ քաղաքացի վերցրու հեռախոսդ ու զբաղվի նոր գործով, որը օգուտ ո՞ւմ ա բերում։ Քաղաքացին քաղաքացուն չի ճանաչելու, լավ, բանը հասավ դատարան, ասենք ինչո՞ւ չպետք ա էդ քաղաքացին ներկայանա դատարան։ Դուք սերմանում եք թշնամություն, ոչ մի համերաշխական քայլ չկա, էս նախագծով տանում եք թշնամություն», - իր ելույթում հայտարարեց Դալլաքյանը և հեռացավ ԱԺ ամբիոնից։
Պատգամավորի ելույթը դուր չեկավ «Իմ քայլի» գործընկերներին և արդեն դահլիճում սկսեցին բարձր վիճաբանել։ «Եղբայր, հանգիստ, հանգիստ», ԱԺ ամբիոնից փորձեց պատգամավորների կրքերը հանդարտեցնել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
Այդուհանդերձ, Սիսակ Գաբրիելյանը իր եզրափակիչ ելույթում հայտարարեց, որ համաձայն չէ, և նախագիծը ամենևին էլ գործ տալու մասին չէ:
«Եթե խնդիրը արձանագրելը գործ տալ ա, ապա հարգելի ընդդիմություն, դուք լավագույն գործ տվողներն եք», - եզրափակիչ ելույթում դիմելով ԲՀԿ-ի գործընկերներին, հայտարարեց Սիսակ Գաբրիելյանը։
Նրա այս հայտարարությունից հետո ևս կրքերը բորբոքվեցին, և Միրզոյանը ամբիոնից հուսահատ արձագանքեց. «Այ մարդ, հազիվ հանգստացել էինք»։ Սակայն պատգամավորների միջամտությամբ բանը չհասավ ձեռնամարտի, և միմյանց միջև փոքր վիճաբանությունից հետո նիստն ավարտվեց։