13/09/2019 19:07
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Հովհաննես Թումանյանի ժառանգներին
Սեպտեմբերի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալել է հայոց մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ժառանգերին՝ ուղեկցությամբ բ. գ. դ., պրոֆ. Սերգո Երիցյանի: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
Պարոն Երիցյանը, Նորին Սրբությանը ներկայացնելով բանաստեղծի ժառանգներին, տեղեկացրել է, որ Հայաստան են ժամանել մասնակցելու Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի միջոցառումներին:
Այնուհետև Վեհափառ Հայրապետն իր հայրական օրհնությունն է բերել հյուրերին՝ ուրախություն հայտնելով հայրենիքում բանաստեղծի ժառանգներին միասնական և համախմբված տեսնելու առիթով: Քաղցրությամբ հիշելով բանաստեղծի զավակների հետ Մոսկվայում իր հանդիպումներն ու զրույցները` Նորին Սրբությունն ընդգծել է, որ Թումանյանի թողած ժառանգությունը համամարդկային է և անգնահատելի է նրա վաստակը հայ ժողովրդի կյանքում` հավելելով, որ նրա ստեղծագործությունները սիրելի և ուսանելի են յուրաքանչյուր հայորդու համար:
Վեհափառ Հայրապետը նշել է, որ առաջիկայում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ևս տոնախմբվելու են մեր ժողովրդի երկու մեծերի` Կոմիտաս վարդապետի և Հովհաննես Թումանյանի հոբելյանները:
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հետաքրքրվել է Թումանյանի ժառանգներից յուրաքանչյուրի գործունեությամբ, ծանոթացել վերջին հոբելյանական հրատարակություններին, ապա մաղթել, որ մշտապես նախանձախնդիր լինեն բանաստեղծի թողած ժառանգության հանդեպ: