13/09/2019 12:00
Սադիստը Հայաստանում պետք է նստի. ԲՀԿ-ական պատգամավոր (Տեսանյութ)
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը կենդանիների դեմ վատ վերաբերմունքը համարում է սադիզմ։
«Մենք թե ֆեյսբուքում, թե այլ սոցիալական ցանցերում տեսնում ենք սարսափելի լուսանկարներ՝ ինչպես են մարդիկ պարծենում, որ կենդանի են սպանել, մեքենայից շանը կապած, ոտքերը փռթած քաղաքով կամ գյուղով ֆռցնում են։ Պատկերացնո՞ւմ եք, մենք հասել ենք մի օրի, որ կենդանի սպանելու համար պարծենում են։ Պետք է մեխանիզմ լինի, որ քայլ առ քայլ այս օրենքով հասցնենք այն մակարդակին, որ լկտիությունը, սադիստությունը վերանա։ Սադիստը Հայաստանում պետք է նստի՝ կապ չունի կենդանո՞ւ է վնաս տվել, թե՞ մարդու, որովհետև եթե այսօր ինքը կենդանուն է վնաս տալիս, վաղն էլ մարդուն վնաս կտա», - հայտարարեց Արման Աբովյանը։
Նշենք, որ խոսքը Քրեական օրենսգրքում լրացում և Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում կատարված փոփոխությունների մասին է։ Նախագծերն ներկայացրել են ԲՀԿ-ական պատգամավորները։ Նրանք առաջարկում են Քրեական օրենսգրքում լրացում կատարել և այնտեղ ավելացնել հոդված՝ «Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը» անվանումով։
Այդպիսով, տնային և անտուն կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի (խեղելու, մասնատելու, թունավորելու, փորձարկելու, ողջ վիճակում անդամահատումը, մաշկահանումը, կենդանուն բարձրությունից նետելը, մարտերի կազմակերպումն ու անցկացումը) համար սահմանվում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից 300-ապատիկի չափով կամ կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով կամ՝ ազատազրկմամբ՝ առավելագույնը 1 տարի ժամկետով։
Իսկ նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ու առանձնակի դաժանությամբ, պատժվում է նվազագույն աշխատավարձի 300-ապատիկից 500-ապատիկի չափով կամ կալանքով՝ 1-3 տարի ժամկետով։
Օրինագծերով սահմանվում են նաև տնային կենդանիները։ Դրանք տնային պայմաններում պահվող կենդանիներն են։ Իսկ անտուն են այն կենդանիները, որոնք վայրի չեն և չունեն տնօրինող ու տիրապետող։