Դատարանն այսօր 1 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակել «Նորք Մարաշ» զինված խմբի առաջնորդ Արթուր Վարդանյանին։
Հիշեցնենք, որ զինված խմբի առաջնորդը, ըստ մեղադրական եզրակացության, եղել է Իսպանիայից ժամանած Արթուր Վարդանյանը, որին մեղադրանքն առաջադրվել է այն բանի համար, որ նա, 2015 թ. ապրիլից գտնվելով Հայաստանի Հանրապետության տարածքում, ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել,պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր:
Նրա նպատակը, ըստ մեղադրանքի, եղել է Հայաստանում յուրացնել իշխանությունը, այսինքն` զավթել` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչը ավարտին չի հասցվել նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր համագործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015 թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:
Գործով մեղադրյալների թվում են՝ հոգևորական Անտոն Դիկրան Թոթոնջյանը, քաղաքական գործիչներ Վահան Շիրխանյանը, Գառնիկ Մարգարյանը, ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանը, Խաչիկ Ավետիսյանը, Ավետիս Բարեյանը, Վաղինակ Ստեփանյանը, Արթուր Եղիազարյանը, Վահագն Սալնազարյանը, Արման Հայրապետյանը, Էդվարդ Ներսիսյանը, Հարություն Սարիբեկյանը, Արա Պողոսյանը, Տիգրան Բոյաջյանը, Գևորգ Ջնդոյանը, Արկադի Մարդոյանը, Ասյա Մկրտչյանը, Մարինե Կաթանյանը և Նելլի Մինասյանը:
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter: