13/09/2019 22:49
Հրապարակվել են ՍԴ դատավորներ Դիլանյանի և Թոխյանի հատուկ կարծիքները ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա
ՀՀ Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 6-ին հրապարակել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա` Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի 2-րդ մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով դատարանի ամբողջական որոշումը։ Դրան կարող եք ծանոթանալ հղումով։
Այսօր հրապարակվել են ՍԴ դատավորներ Արմեն Դիլանյանի և Ֆելիքս Թոխյանի հատուկ կարծիքները։
Արմեն Դիլանյանը կարծիք է հայտնել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի 2-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի վարույթը ենթակա է եղել կարճման, քանի որ վիճարկվող՝ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը դիմողի նկատմամբ չի կիրառվել և իրավական հետևանքներ չի առաջացրել։ Դիլանյանի կարծիքով՝ առկա օրենսդրական «բացը» չի խոչընդոտել անձի այս կամ այն իրավունքի իրացման հնարավորությունը , իրավակարգավորման լիարժեքություն ապահովող տարրի բացակայության կամ կամ այդ տարրի թերի կանոնակարգման հետևանքով չի խաթարվել օրենսդրորեն կարգավորված իրավահարաբերությունների ամբողջական իրագործումը։
Ֆելիքս Թոխյանն էլ կարծիք է արտահայտել, որ Ռոբերտ Քոչարյանի դիմումի գործով օրենսդրական ենթադրյալ բաց գոյություն չուներ։ Այս գործով Սահմանադրական դատարանն անելիք չուներ, քանի որ խնդրի լուծումն ամբողջովին օրենսդիր մարմնի տիրույթում է։ Թոխյանը միաժամանակ համոզմունք է հայտնել, որ Բարձր դատարանն այս գործով կգար այլ եզրահանգման, եթե չցուցաբերվեր որոշակի շտապողականություն՝ բարդ և հանրային հնչեղություն ունեցող խնդրի հետ կապված։