13/09/2019 16:32
«Իմ քայլի» պատգամավորը քննադատել է ոստիկանության անգործությունը (տեսանյութ)
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը անդրադարձել է երեկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց տեղի ունեցած բռնության դեպքին ու քննադատել ոստիկանության գործողությունները։
Հիշեցնենք՝ երեկ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատական նիստից հետո դատարանի բակում Քոչարյանի աջակիցներից մեկը բռնություն էր գործադրել քաղաքացիներից մեկի նկատմամբ, ինչի հետևանքով նրան տեղափոխել էին հիվանդանոց։ Ավելի ուշ նա վիրահատվել էր։
«Ամբաստանյալ Քոչարյանի աջակիցներից ոմանք բռնություն են կիրառել դատարանի բակում արդար դատաքննություն պահանջող ցուցարարների նկատմամբ։ Ամբաստանյալ Քոչարյանի աջակիցների կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով կոտրվել է քաղաքացիներից մեկի ոտքը։ Վերջինը ենթարկվել է վիրահատության։ Բռնարարները չնայած բերման են ենթարկվել, բայց կարճ ժամանակ անց ազատ են արձակվել։ Ըստ ԶԼՄ-ի՝ նրանց նկատմամբ քրեական գործ չի հարուցվել», - Ազգային ժողովում իր ելույթում հայտարարեց իշխանական պատգամավորը։
Նրա խոսքով՝ անպատժելիության մթնոլորտում բռնարարները իրագործում են նոր հանցանքներ, և ոստիկանությունն այս հարցում մեղավոր է, ինչպես նաև՝ անգործության մատնված։
«Պետության անմիջական պարտականությունն է ապահովել քաղաքացիների անվտանգությունը, և պետությունը այդ պարտականությունը կատարի ոստիկանության միջոցով։ Քաղաքացին պետք է զգա իրեն պաշտպանված, և եթե պետությունը ձախողում է քաղաքացու անվտանգությունն ապահովելու իր պարտականությունը, ապա քաղաքացին ստիպված է լինում ինքնուրույն պաշտպանվել։ Ոստիկանության վարքագիծն իմ ուշադրության կենտրոնում է։ Ես ուշադիր հետևում եմ՝ ինչպես ոստիկանությունը կատարում քաղաքացու անվտանգությունն ապահովելու իր անմիջական պարտականությունը։ Հորդորում եմ հավատարիմ մնալ ոստիկանի բարձր կոչմանը», - հայտարարեց Արուսյակ Ջուլհակյանը։