14/09/2019 14:05
Քաղաքապետարանի կողմից քանդված շինության սեփականատերը հաղթել է դատարանում. Ի՞նչ միջոցներով է հատուցվելու վնասը
Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցի N 1/3 հասցեում գտնվող «Անի-97» ընկերության սեփականատերը դատի էր տվել քաղաքապետարանին և հաղթել։
«Հայկ Մարությանի` Երևանի քաղաքապետ դառնալուց երկու ամիս անց՝ 2018-ի նոյեմբերին, քաղաքապետարանը քանդեց Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցի N 1/3 հասցեում գտնվող «Անի-97» ընկերության սեփականություն շինությունը: Պաշտոնապես հայտարարվեց՝ կառուցվել է առանց շինթույլտվության: «Անի-97» ընկերությունը դիմել է դատարան և առաջին ատյանի դատարանում շահել դատը. դատարանը որոշել է, որ շինությունը քանդելու քաղաքապետարանի հանձնարարականն անօրինական է», - գրել է Aravot.am-ը։
«Ադեկվադ» կուսակցության նախագահ Արթուր Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է վերոնշյալին՝ գրելով.
«Հիշում եք «մեր» դեգենեռատ քաղաքապետը իր պաշտոնավարման առաջին օրերին հանձնարարեց մի շենք քանդել Մասիվում: Շենքի տերը դատի է տվել ու հաղթել: Ու հիմա մեր և ձեր միջոցներով էս դեգենեռատը պիտի վերակառուցի իր իսկ քանդած շենքը: Այ սա արդեն անարդար է: Արդար կլիներ, որ էդ մինի-պրիդուրոկը իր Չեխիայի տները ծախեր ու էդ փողով շենքը նորից սարքեր: Որ հասկանաք` մոտ $250,000-ի մասին ա խոսքը...»։
Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը նույնպես անդրադարձել է խնդրին՝ գրելով.
«Այսօր մամուլը գրեց, որ ամիսներ առաջ քաղաքապետարանի կողմից քանդված շենքը սխալ են քանդել ըստ դատարանի վճռի։ Եթե շենքի տերը դիմի փոխհատուցման պահանջով ( գրեթե 100 մլն. դրամ), ապա քաղաքի բյուջեից պիտի փոխհատուցեն։ Նման դեպքեր էլի են լինելու։ Բայց ամենածանրը Սանիտեկի հայցն է լինելու։ Ես կասկած անգամ չունեմ, որ ինչքան էլ ժամանակ անցնի Հայկ Մարությանը իր անձնական ունեցվածքով է պատասխան տալու այս անգրագետ կառավարման համար։ Հ.Գ. Մի հարց էլ վարչապետին ունեմ՝ ա՞յս դեպքը նկատի ունեիք, որ ասում եիք Հայկ Մարությանը ցուցաբերել է կառավարելու հրաշալի ունակություն։ #մետրոնինչեղավ»:
Երևանի քաղաքապետարանից Aysor.am-ին չհաջողվեց պարզաբանում ստանալ, թե ինչ միջոցներով է հատուցվելու քաղաքացուն հասցված վնասը։