14/09/2019 14:59
Ցավում ենք այն լրագրողների համար, որոնք նպատակադրված կերպով վնաս են հասցնում Հայ Առաքելական Եկեղեցուն. Մայր Աթոռն անդրադարձել է ԲիԲիՍի գործակալության հրապարակմանը
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Վահրամ քահանա Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԲիԲիՍի լրատվական գործակալության՝ Հայոց Եկեղեցու վերաբերյալ հրապարակմանը։
«Գնահատելով լրագրությունը, իբրև կարևոր հանրային աշխատանք, ցավում ենք այն լրագրողների համար, որոնք կողմնապահությամբ և կողմնակի շահերով առաջնորդվելով ու նպատակադրված կերպով վնաս են հասցնում Հայ Առաքելական Եկեղեցուն: Աղոթում ենք այդ անհատների համար եւ անդրադարձման պարագայում պատրաստ ենք լինելու ընդունել ու բացատրել առկա իրողությունները։
Ակնհայտ է, որ նման անձինք բացարձակ պատկերացում չունեն եկեղեցական կյանքի և նրա կարգ ու կանոնների, Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերների և դրանց հաղթահարման կերպերի մասին: Երբեմն թվում է, որ ցանկություն էլ չունեն հասկանալու այս բարդ աշխարհը։ Այս հոդվածը սրա վառ վկայությունն է:
Ավելին կպարզաբանենք ըստ անհրաժեշտության հետագայում:
Վստահ ենք, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ու նրա աշխարհասփյուռ թեմերի զորացման, զարգացման, անկախության տարիներին կյանքի աշխուժացման և նոր հոգեւոր սպասավորների պատրաստության ուղղությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և եկեղեցականության կողմից տարվող ջանքերը գնահատվում են բարեպաշտ ժողովրդի, եկեղեցու բարեկամների, պետական իշխանությանց եւ պիտի արժանի գնահատականը ստանան ապագա սերունդների ու պատմագիրների կողմից»։