16/09/2019 19:45
Եթե մշակույթից կտրվեմ՝ օրենսդիրում իմ գործունեության էֆեկտիվությունը կնվազի. ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նոր պատգամավորը դերասան Արթուր Մանուկյանն է
Դերասան, ռեժիսոր, «Հովեր» պետական կամերային երգչախմբի երգիչ Արթուր Մանուկյանն այսօրվանից համալրել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների շարքերը: Նա փոխարինում է պատգամավորական լիազորություններն օրերս վայր դրած Էդգար Առաքելյանին: Aysor.am-ի հետ զրույցում նորաթուխ պատգամավորն ընդգծեց՝ գիտակցում է իր նոր գործունեության բարձր պատասխանատվությունը, ու իր համար առաջնային լինելու է մշակութային դաշտում խնդիրների լուծումը:
«Մշակույթն այն դաշտն է, որի մեջ եմ արդեն 42 տարի՝ 7 տարեկանից, եղել եմ և՛ երգարվեստում, և՛ թատերարվեստում, շատ լավ գիտեմ խնդիրներն ու բացթողումները: Կա արտիստների աշխատանքային ժամերի խնդիր, որը չի տեղավորվում աշատանքային օրենսգրքում տեղ գտած 8-ժամյա աշխատանքային գրաֆիկի շրջանակներում. երաժիշտը 4 ժամից ավելի, երգիչը՝ երկու ժամից ավելի չեն կարող աշխատել, հակառակ դեպքում նրանց աշխատանքն անարդյունավետ է դառնում: Հակասություններ կան, որոնք պետք է համապատասխանեցնել», - նշեց Արթուր Մանուկյանը:
Պատգամավոր դարձած դերասանի վերջին էկրանային աշխատանքն օրեր առաջ մեծ էկրան բարձրացած «Անհայտ բաժանորդ» ֆիլմն է, ևս մեկ ֆիլմ՝ Հրաչ Քեշիշյանի «Անատոլիական պատմություն»-ը (աշխատանքային վերնագիր) այժմ ընթացքի մեջ է: Հարցին՝ կկարողանա արդյոք հետագայում համատեղել դերասանի, երգչի և պատգամավորի աշխատանքը՝ պատասխանեց.
«Ազգային ժողովում այսօր իմ առաջին աշխատանքային օրն է, դեռևս չեմ խոսել իրավաբանների հետ՝ կկարողանա՞մ համատեղել, թե՞ ոչ: Որքանով ես գիտեմ՝ օրենքը թույլ չի տալիս, որ պատգամավորը ձեռնարկատիրությամբ զբաղվի, բայց ստեղծագործական, դասախոսական գործունեության համար խոչընդոտ չի հանդիսանում: Հուսով եմ՝ նման խնդիր չի առաջանա, քանի որ, եթե ես մշակույթից կտրվեմ՝ օրենսդիրում իմ գործունեության էֆեկտիվությունը կնվազի: Կարծում եմ՝ պետք է ձեռքս անընդհատ մշակույթի զարկերակին լինի, պետք է ներսում լինեմ, որ ցանկացած խնդրի էությունը լիովին զգամ: Եվ հետո, քանի որ իմ՝ պատգամավորի մանդատ վերցնելը անակնկալ ու հապշտապ եղավ՝ բավական կիսատ գործեր ունեմ: Ես «Գոյ» ազգային փորձարարական թատրոնի դերասան եմ, պատկերացնո՞ւմ եք՝ թատրոնին ինչ վնաս կլինի, եթե հենց այս պահից դադարեցնեմ իրենց հետ աշխատանքս: Նաև, ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի 16 մասանոց ֆիլմն է նկարահանման ընթացքում, որտեղ ես դեռ մի քանի տեսարան ունեմ խաղալու: Եթե ինձ գործի վերջում ստիպված լինեն փոխարինել այլ դերասանով՝ գերծախսեր կունենան: Հուսով եմ՝ նման արգելքներ չեն լինի»:
Արթուր Մանուկյանը Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հիմնադիր անդամներից է: Հարցին՝ ի՞նչն է պատճառ հանդիսացել, որ մշակութային գործիչը որոշել է քաղաքական քայլ անել, նկատեց.
«Մեր կյանքում անարդարությունները շատ-շատ են, ու ես միշտ փորձել եմ ինչ-որ կերպ օգտակար լինել այն մարդկանց, ովքեր քայլ են արել՝ այդ անարդարությունները վերացնելու: Ես գտա, որ եթե կարող եմ ինչ-որ կերպ օգտակար լինել՝ կյանքն ավելի ազնիվ ու գեղեցիկ դարձնելու, ապա պետք է հասանելի լինեմ, իրենց կողքին լինեմ, ու կկարողանամ իմ կարողություններն օգտագործել՝ հանուն ավելի արդար կյանքի»: