16/09/2019 14:13
Բանկային գաղտնիքի օրենքի թուլացումը դուռ կբացի դրամական միջոցների արտահոսքի համար. Արմեն Գրիգորյան
ՀՅԴ Գերագույն Մարմնի Ֆինանսների հանձնախմբի նախագահ Արմեն Գրիգորյանն Aysor.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի նախագծի փաթեթին, կարծիք հայտնեց, թե չպետք է մի համակարգի ձևավորումը անել մեկ այլ, արդեն գործողի քայքայման հաշվին:
- Պարոն Գրիգորյան, կառավարության վերջին նիստում ընդունվեց «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը, որն, ըստ արդարադատության փոխնախարարի՝ կնպաստի կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմանը։ Մինչդեռ, ըստ տարբեր մեկնաբանությունների, այս փոփոխությամբ վնաս է հասցվելու տնտեսությանը, քանի որ թուլացվում է բանկային համակարգը։ Դո՞ւք ինչ եք կարծում։
- Բանկային գաղտնիքի մասին օրենքի 4-րդ հոդվածը հստակ սահմանում է, թե որոնք են բանկային գաղտնիք համարվում: Կոռուպցիայի դեմ պայքարը ցանկացած երկրի և հատկապես մեր երկրի համար պետության ու պետականության համակարգերի անխափան աշխատանքների կարևորագույն խնդիրներից է: Որ պետք է կոռուպցիայի դեմ պայքար տարվի, դրանում ոչ ոք չի կարող կասկածել: Որ պետք է ՀՀ-ում գործի անկախ կոռուպցիայի դեմ պայքարող մարմին, դա էլ կարևոր հարցերից է: Բայց այդ օրենքը նույնպես պետության ու պետականության կարևորագույն համակարգերից մեկի՝ բանկային համակարգի, անխափան աշխատանքն ապահովելու համար է: Չպետք է մի համակարգի ձևավորումը անել մեկ այլ, արդեն գործողի քայքայման հաշվին: Բանկային գաղտնիքի մասին օրենքի փոփոխությունը կամ ինչպես նախատեսվում է, թուլացումը, միանշանակ ազդեցություն կունենա երկարաժամկետ կտրվածքով: Կենտրոնական բանկն ունի մի շարք գործառույթներ իրականացնելու հնարավորություն՝ հնարավոր բացահայտումներն անելու համար: Կարելի է բարելավումներ անել, ստեղծել համակարգեր:
- Վտանգ չկա՞, որ այս պարագայում բանկերում մեծ գումարներ ունեցողները կարող են իրենց գումարներն ի պահ դնել արտասահմանյան բանկերում։
- Կարծում եմ հենց այս հարցրազրույցը այն մասին է, որ պետք է հանրային և մասնագիտական շրջանակները բարձրաձայնեն հնարավոր հետևանքների և մտահոգութունների մասին, որ օրինագիծը ԱԺ հասնելու և օրակարգ մտնելու ընթացքում հաշվի առնեն դրանք: Այո՛, վտանգ կա, որ դա դուռ կբացի դրամական միջոցների արտահոսքի համար: Սա կարող է բերել նաև անկանխիկ գործարքների նվազմանը, փոխարենը կավելանան կանխիկ դրամական հոսքերը, ինչը նույնպես նպաստավոր դաշտ կստեղծի կոռուպցիայի համար: Սա կարող է վախեցնել ներդրողներին, քանի որ այս օրենքը պատահականորեն չի ընդունվել, սա որոշակի երաշխիքներ է ապահովում: Խոսքը նրա մասին է, որ ոչ մի պատահական մարդու կամ կազմակերպության իրավունքներ չպետք է խախտվեն:
- Իրավական տեսանկյունից սա խոցելի չի՞ դարձնում բանկային համակարգը։ Սա չի՞ մտահոգի ներդրողներին։
- Տեսեք, բանկային գաղտնիքի մասին օրենքի 8-րդ հոդվածով սահմանված է, որ բանկային գաղտնիք պարունակող տեղեկության պահպանման համար երաշխավորում է հենց բանկը: Բանկին հիմա ասելու ենք, որ դու չես երաշխավորը կամ առնվազն ցույց կտան այն սահմանները, թե որտեղ է ավարտվում այդ երաշխիքը և որտեղ է սկսվում միջամտությունները: Սրանով կթուլացնենք բանկի և հաճախորդի միջև գործընկերային հարաբերությունները: Սա է, որ կարող է խոչընդոտ հանդիսանալ հնարավոր ներդրումների վրա:
Այստեղ իրավական տեսանկյունից խնդիրներ կարող են ծագել մի շարք միջազգային փաստաթղթերի՝ պայմանագրերով և համաձայնագրերով ստանձնած պարտավորությունների հետ: Խնդիրներ կծագեն նաև հայաստանյան բանկերի և միջազգային բանկերի միջև փոխգործակցության որակի առումով: Սա պետք է լավ քննարկման ենթարկել, հաշվարկել տված օգուտներն ու վնասները, հետո նոր կիրառելու մասին մտածել: