16/09/2019 12:33
Ճանապարհային խախտումները բջջայինով նկարահանել թույլ տվող և «գործ տվողի» անվանում ստացած օրինագիծը ընդունվեց
Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունել է ճանապարհային երթևեկության խախտումները, որոնք արված կլինեն բջջային հեռախոսով ու հավելվածի միջոցով կուղարկվեն ՃՈ, հաշվի առնել ու դրանց հիման վրա հարուցել վարչական վարույթ։ Օրենսդրական նախաձեռնությանը կողմ էր քվեարկել 87 պատգամավոր, դեմ էր 21-ը, ձեռնպահ՝ 1-ը։
Այս օրինագծի քննարկումը, հիշեցնենք, բուռն կրքեր էր բորբոքել ԱԺ դահլիճում, և պատգամավորների միջև թեժ վիճաբանություն էր առաջացել։
Օրենսդրական փաթեթի հեղինակը ԱԺ «Իմ քայլի» պատգամավորներ Արմեն Փամբուխչյանն ու Սիսակ Գաբրիելյանն էին։ Ըստ այդմ՝ նախատեսվում է, որ ֆիզիկական անձանց բջջային հեռախոսներով ամրագրված իրավախախտումներով վարչական մարմինը վարչական վարույթ իրականացնելու է, եթե ֆիզիկական անձի կողմից իրավախախտումն ամրագրվել է պետական սեփականություն հանդիսացող հատուկ մշակված համակարգչային ծրագրի օգտագործմամբ, որը հնարավորություն պետք է տա նույնականացնել իրավախախտումն ամրագրած ֆիզիկական անձին, իրավախախտման գործիք հանդիսացող մեխանիկական տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը, ինչպես նաև պարզել իրավախախտումն ամրագրելու վայրն ու ժամանակը: Վարչական վարույթ կիրականացվի, եթե իրավախախտում ամրագրած տեսանյութը կամ լուսանկարը վարչական մարմնին ուղարկվել է համացանցային ուղիղ, օնլայն ռեժիմով այդ նպատակով ստեղծված էլեկտրոնային հարթակին՝ որպես իրավախախտման մասին էլեկտրոնային հաղորդում:
Օրինագծի հեղինակներից Սիսակ Գաբրիելյանը ներկայացրել էր, որ որ խախտումներն արձանագրող և տեսանյութերն ուղարկող քաղաքացիները չեն վարձատրվելու և նրանց անունն ու այլ անձնական տվյալներ չեն հրապարակվելու։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները դեմ էին արտահայտվել օրինագծին ու այն որակել «գործ տվողի» օրինագիծ։ Նույն խմբակցության մի քանի պատգամավոր հայտարարել էին, որ այս նախագծով «գործ տվողի» ինստիտուտն է հիմնադրվում։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կողմ էր օրինագծին, և նույն խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հայտարարեց, որ մինչև 2-րդ ընթերցում կներկայացնեն առաջարկներ՝ քաղաքացու անձնական տվյալներն առավել ամուր պահպանելու հետ կապված։