16/09/2019 23:08
Ընկեր Կիմ Չեն, դո՞ւք եք. Արսեն Բաբայանի արձագանքը պատգամավոր Ուլիխանյանի հայտարարությանը
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը հայտարարել է, որ ԱԺ մեծամասնության կողմից որևէ պաշտոնյայի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործընթաց սկսելու մասին հայտնելուց (կամ նույնիսկ դրա մասին ակնարկելուց) անմիջապես հետո տվյալ պաշտոնյան անհապաղ, առանց այլևայլությունների հրաժարական պիտի տա՝ անկախ տվյալ պաշտոնյայի ինքնավարության աստիճանից։
Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է, որ միակ առաջնային մանդատով օժտված կառույցի դեմ ուղղակի խաղ չկա ու չպիտի լինի։
«Ի հեճուկս ԱԺ-ի գործող պաշտոնյա չի կարող լինել և վերջ։ Հրայր Թովմասյանը չի պաշտոնավարելու և վերջ։ Հույս ունեմ՝ ինքնակամ կգնա. դեռ կարող է», - նշել է նա։
Հիշեցնենք, որ այսօր «Իմ քայլը» խմբակցության նիստի արդյունքներով որոշում է կայացվել նախաձեռնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց:
Պատգամավոր Ուլիխանյանի հայտարարությանն արձագանքել է իրավաբան, «Բաբայան քնսալթինգ» ընկերության հիմնադիր Արսեն Բաբայանը:
«Փաստորոն, ԱԺ կողմից ընդունված օրենքները չեն կարող ճանաչվել հակասահմանադրական, Հանրապետության նախագահը չի կարող կիրառել իր վետոյի իրավունքը, վարչական դատարանը չի կարող անվավեր ճանաչել ԱԺ նախագահի կարգադրությունները, ԱԺ քաղաքական մեծամասնության քիմքին տհաճ որոշում որևէ դատարան չի կարող կայացնել:
Պատգամավորի կողմից իշխանությունների տարանջման սկզբունքի խախտման, դատական համակարգի անկախության ոտնահարման և սահմանադրական կարգը տապալելուն ուղղված հրապարակային կոչի ավելի վառ օրինակ երբևիցե եղե՞լ է:
Ընկեր Կիմ Չեն, դո՞ւք եք...», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Բաբայանը։