16/09/2019 23:52
Ուլիխանյանը տեղյա՞կ է, որ ժողովրդավարական պետության խորհրդարանի անդամ է, այլ ոչ թե, օրինակ, Գերագույն Սովետի կամ Ռայխսթագի դեպուտատ. Ռուբեն Մելիքյան
«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքի իր էջում արձագանքել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանի հայտարարությանը։
«Այս գրառումը կատարողը փաստորեն ՀՀ ԱԺ պատգամավոր է։ Հետաքրքիր է, նա տեղյա՞կ է, որ ժողովրդավարական պետության խորհրդարանի անդամ է, այլ ոչ թե, օրինակ, Գերագույն Սովետի կամ Ռայխսթագի դեպուտատ։
Գուցե ձեր համար մանրուք է, բայց տեղեկացնեմ, որ ՄԵՐ Սահմանադրությունում կան այնպիսի սկզբունքներ, ինչպիսիք են իշխանությունների տարանջատումը, դատարանների անկախությունը։ Ու այդ սկզբունքների նկատմամբ դուք պարտավո՛ր եք հարգանք դրսևորել։
ՀԳ. Շնորհակալություն՝ Ձեր իրական արժեհամակարգը բացահայտելու հարցում մեզ օգնելու և Ձեր հակասահմանադրական «քաջագործությունների» մասին մեր պնդումները «երկաթյա փաստարկներով» ամրապնդելու համար։ Հուսով եմ՝ մեր եվրոպական գործընկերները աթոռից չեն ընկնի այս աֆորիզմը կարդալիս», - նշել է Մելիքյանը։
Հիշեցնենք, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը հայտարարել է, որ ԱԺ մեծամասնության կողմից որևէ պաշտոնյայի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործընթաց սկսելու մասին հայտնելուց (կամ նույնիսկ դրա մասին ակնարկելուց) անմիջապես հետո տվյալ պաշտոնյան անհապաղ, առանց այլևայլությունների հրաժարական պիտի տա՝ անկախ տվյալ պաշտոնյայի ինքնավարության աստիճանից։
Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է, որ միակ առաջնային մանդատով օժտված կառույցի դեմ ուղղակի խաղ չկա ու չպիտի լինի։
«Ի հեճուկս ԱԺ-ի գործող պաշտոնյա չի կարող լինել և վերջ։ Հրայր Թովմասյանը չի պաշտոնավարելու և վերջ։ Հույս ունեմ՝ ինքնակամ կգնա. դեռ կարող է», - նշել է նա։
Հիշեցնենք, որ այսօր «Իմ քայլը» խմբակցության նիստի արդյունքներով որոշում է կայացվել նախաձեռնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց: